Մեխակներով հարգեցին վարդերի երկիր կանխատեսողի հիշատակը (տեսանյութ)
Հայաստանի մի քանի տասնյակ կոմունիստներ այսօր օրը սկսեցին երթով: Նրանք կուսակցության գրասենյակից շարժվեցին 100 մետր եւ մեխակներ դրեցին Մյասնիկյանի արձանին։ Այսօր լրանում է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 98-ամյակը։
«Այն 20-րդ դարի ամենամեծ հեղափոխությունն է: Երբ այն հասավ Հայաստան, Հայաստանը խարխափում էր անգրագիտության եւ սովի ճիրաններում։ Հայաստանը հեղափոխությունից հետո դարձավ առաջնակարգ հանրապետություններից մեկը»,-ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։
Նա բացատրեց, թե ինչու են սկսում օրը հեղափոխական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտից.
«Այսօր մենք մեր խոնարհումը բերեցինք Ալեքսանդր Մյասնիկյանին, որը խորհրդային իշխանության նախօրեին հռչակեց, որ արցունքի երկիրը դարձնում են վարդերի երկիր»։
Կոմկուսի անդամները ծաղիկներ դրեցին նաեւ Ստեփան Շահումյանի արձանին, ապա շարժվեցին իրենց գրասենյակ, որտեղ օրվա խորհրդով նիստ գումարեցին՝ հիշելով, թե որքան լավ էր կյանքը Խորհրդային տարիներին։
Վլադիմիր Լենինի առաջնորդությամբ 1917թ հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)-ին Պետրոգրադում տապալվեց 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։ Այդ հեղափոխության արդյունքում տապալվել էր ցարը։ Իսկ հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում իշխանությունն անցավ կոմունիստներին։