Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստղաձորցի ծերունին աղոթատեղի է երազում (տեսանյութ)

Հասարակություն
Astxadzor-nkar

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում  գործող  եկեղեցի չկա։  1828 թվականին ալաշկերտցի 13 ընտանիքի հիմնադրած գյուղը աղոթատեղիից զրկվել է Ստալինյան ճնշումների տարիներին։ «Պատրաստի եկեղեցի է եղել ժամանակին, բայց խորհրդային ժամանակներում, ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ մեր եկեղեցին քարուքանդ արեցին»,- ասում է գյուղի մեծերից Վարդգես Սեդրակյանը։ Նա հիշում է հին  օրերը, երբ աղոթատեղին  դեռ կանգուն էր։ «Հիմնականում այստեղ է եղել գերեզմանոցը, այս տարածքը ազատ է եղել, որ մուտք ու ելք են արել եկեղեցի, ծիսակատարություններ բոլոր տեսակի՝ հարսանիք, կնունք, թաղման արարողություններ»։ Սուրբ Գևորգ եկեղեցու շուրջը՝ արևի ու անձրևի տակ փռված է խաչքարերի դաշտ։ Այստեղ թաղված են գյուղի հիմնադիրները։ Վարդգես պապը բողոքում է՝ անհավատությունը նրանց գերեզմանաքարերն էլ չի խնայել։ «Տեսեք ամբողջ վիճակը՝ ջարդված փշրված ամբողջ խաչքարերը, անգամ խաչքարերից պատ են շարել»։ Մոտ ապագայում Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման սպասումներ նա չունի, համայնքի բյուջեն էլ չի հերիքում։ Վարդգես պապը վստահեցնում է՝ գյուղացիներն այդքան հարուստ չեն, որ կարողանան միջոցներ ներդնել։ «Մեկը կար եկավ, ասեց՝ իմ ուժերով վերակառուցեմ, բայց առիթ փնտրելով, թե ճանապարհ չկա շինանյութ բերելու-մոտիկացնելու, այդպես էլ գնաց ու գնաց, մնաց անհետևանք։ Հիմա տեսնենք՝ գոնե մարդիկ լինեն դրսից ներդրումներ անեն ու կառուցեն»,- հույս է հայտնում 75-ամյա Վարդգես պապը։ Ի դեպ, Աստղաձոր համայնքը Գեղարքունիքի մարզի հնագույն բնակատեղիներից է։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. 9-8-րդ դարերի պատկանող դամբարաններ։ Աստղաձորում է գտնվում նաև 13-րդ դարին պատկանող սուրբ Հռիփսիմե եկեղեցին։