Նորանշանակ վարչապետից գումար, բնակարան են պահանջում (տեսանյութ)
«Նաիրիտ», «Գործարկում»,- այսօր այս վանկարկումները կարելի էր լսել կառավարության շենքի դիմաց: ԱԺ-ում «Նաիրիտ»-ի գործարկման վերաբերյալ նորանշանակ վարչապետի հայտարարությունը զայրացրել է երբեմնի քիմիական հսկայի նախկին աշխատակիցներին։ «Երեկվա ելույթից պարզվեց, որ վարչապետը ինքնուրույն մտածելու ունակություն չունի: Նոր նշանակված, դեռ չհասցրած նստել իր աթոռին, դեռ չուսումնասիրած գործը, մարդը ենթադրություններ է անում: Մեկը չունի ծրագիր, իսկ մյուսը ունի, ասում է, որ նման ծրագիր վերջին 6 տարիներին չի եղել: Այդ հիանալի առաջարկը երկու-երեք արտադրամաս է, որի մեջ չի մտնում Նաիրիտի կաուչուկի արտադրամասը»,- նշեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը: Կարեն Կարապետյանը շեշտել էր ՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման փորձերը թանկ են նստում բյուջեի վրա: Եթե լինի տրամաբանական առաջարկ, կքննարկեն, սակայն ինքը չի տեսել մի ներդրող, որ պաշտոնապես ճշտել է՝ գազի գինն ինչ է լինելու: Իսկ 10 տարի առաջ տներից զրկված Կոնդ թաղամասի բնակիչները հույսեր կապում են վարչապետի հետ։ « Շատ ուրախացանք, որ նախկին վարչապետը հրաժարական տվեց, վստահ ենք, որ նորը մեր հարցերը կլուծի»,- նշեց Անահիտ Հովհաննիսյանը: Պետության կարիքների համար իրենց տներից զրկվածներին առաջարկվել են չվերանորոգված բնակարաններ քաղաքի տարբեր մասերում գտնվող էլիտար շենքերում, որտեղ քաղաքացիները նաեւ սպասարկման բարձր վճարներ պետք է կատարեն։ Նորանշանակ վարչապետից գումար կամ բնակարան էին պահանջում նաեւ անհատ քաղաքացիները: «Գրել եմ, որ գումարի խնդիր ունեմ, վարձերս չեմ կարողանում վճարել, նպաստառու չեմ, թոշակառու չեմ: Եթե հնարավորություն լինի մի հատ հանրակացարան, որ վարձ չտամ»,- ասաց Սվետա Ավագյանը: Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր կառավարությունից իրենց 9 տարվա չվճարված փոխհատուցում էին պահանջում հաշմանդամություն ունեցող օդաչուները։