Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղավնաձորցիներն անժամկետ փակել են գյուղի բոլոր հիմնարկությունները

Կարևոր լուրեր Հասարակություն
xaxox

Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչներն այսօր անժամկետ փակել են գյուղում գործող բոլոր հիմնարկությունները՝ գյուղապետարանը, մանկապարտեզը, դպրոցը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը։ Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն՝ միակ հիմնարկը, որ շարունակում է գործել հիվանդանոցն է. այստեղ ընդունվում են կանչերը: Աղավնաձորցիները դեռ չեն ստացել անցյալ տարի մթերած խաղողի գումարների մի մասը: Ի տարբերություն այլ մարզերի եւ գյուղերի՝ Աղավնաձորում հիմնականում «արենի» տեսակի խաղող են աճեցնում, որը հիմնականում մթերում է «Վեդի Ալկո» ընկերությունը: 2015 թ-ին այս ընկերությունը աղավնաձորցիներին պարտք  է մնացել 126 մլն դրամ: Աշոտ Գալստյանի խոսքերով, բոլոր համապատասխան գերատեսչությունները տեղյակ են խնդրից, սակայն առայժմ որեւէ պատասխան չկա։ «Վայոց Ձորի մարզպետը գյուղացիներին հորդորել էր սպասել մինչեւ նոր կառավարությունը կձեւավորվի, որից հետո կփորձեն խնդրին լուծում տալ, սակայն գյուղացիները արդեն որքան ժամանակ է՝ միայն խոստումներ են լսում։ Դրա համար էլ այլեւս չցանկացան սպասել եւ դիմեցին այս քայլին»,-ասաց գյուղապետը։ Նրա տեղեկացմամբ՝ առկախ է նաեւ այս տարվա բերքի իրացման հարցը։ «Գյուղում շուտով բերքահավաք է լինելու, սակայն գյուղացիները չգիտեն՝ իրենց բերքը կմթերվի՞, թե՞ ոչ։ Անցյալ տարվա պարտքի հարցը լուծելուց հետո աղավնաձորցիները նաեւ այս հարցն են բարձրացնելու»,-ասաց գյուղապետը։ Հիշեցնենք,  Աղավնաձորում ակցիաներն սկսվել են դեռ սեպտեմբերի 1-ից. Այս տարի համայնքում սեպտեմբերի 1-ի առաջին զանգը չի հնչել, գյուղացիները հրաժարվել էին իրենց երեխաներին տանել դպրոց: