Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող օրերը կադրերով

Մշակույթ
roza5

«ՊՊԾ գնդի գրավման օրերին աշխատելու առանձնահատկությունը այն է, որ գնում ես իմանալով, որ ամեն ինչ կարող է պատահել: Պետք էր միշտ զգոն ու ուշադիր լինել»,-«Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ նշեց լուսանկարներից մի քանիսի հեղինակ, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանը: Հայկն ասում է, որ աշխատելիս կարևորը տրամադրությունն է, Խորենացիում աշխատելու օրերին տարբեր զգացողություններ է ունեցել: Եղել են դեպքեր, երբ օրերով չի քնել, ինչն իհարկե ազդել է և տրամադրության և աշխատանքի որակի վրա. «Հետո, հենց հասնում ես, սկսում ես աշխատել սովածությունը, հոգնածությունը միանգամից անցնում է»: roza Ֆոտոլրագրողն հաճախ է լսում՝ լարված  իրավիճակ լինի, մենք էլ սիրուն նկարներ անենք արտահայտությունը, բայց դա իր գործելաոճը չէ: Քաղաքացի-ֆոտոլրագրող բախումներ էլ չի ունենում, աշխատելու ընթացքում սեփական համոզմունքները, քաղաքական հայացքները երկրորդ պլան են մղվում: Կարծում է, որ այդպես շատ ավելի հեշտ ու ազատ է ստացվում գործել: roza1 ՊՊԾ գնդի գրավման օրերի տրամադրությունը իր ողջ ներկապնակով փոխանցելն ստացվել է, կարծում է Հայկն ու հավելելում՝ կողքից արձագանքներն ավելի կարևոր են. «Ամենից շատ  քննարկվեց «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչ Ալբերտ Խաչատրյանի կողմից արված լուսանկարը, որում Խորենացի փողոցում ոստիկանը քաշ էր տալիս մեծահասակ կնոջ: Իրադրությունն ինքն իրենով խոսուն էր»: Հայկը հիշում է, որ այդ օրերին մեծ ցանկություն է ունեցել մտնել ՊՊԾ գնդի տարածք: «Ֆոտոլուր»-ից ներս մտնելու հնարավորություն ընձեռնվել է եղբորը՝ Վահրամ Բաղդասարյանին. «Ինձ թվում է, որ այդ օրը, ով աշխատել է Խորենացի փողոցում, ում էլ առաջարկեին, կգնար: Համենայնդեպս, ես ներսում վտանգավոր բան, մարդ չեմ տեսել: Հաստատ կմտնեի»: roza2 Հայկը համաձայն չէ այն ձևակերպման հետ, թե այդ օրը աշխատած լրագրողները վտանգել են իրենց կյանքը: Առհասարակ, կարծում է, որ եթե նույնիսկ լինի կյանքի համար վտանգավոր իրավիճակ, կադրի համար չարժե այն վտանգի ենթարկել. «Կան մարդիկ, որոնց համար կադրը ավելի կարևոր է, քան կյանքը: Մենք մի անգամ ենք չէ՞ ապրում: Կարելի է ապրել, այդ ընթացքում լիքը լավ-լավ բաներ նկարել: Ոչ թե մի անգամ նկարելով, ասեն՝ տեսաք ինչ արեց ու ափսոս»: roza4 «ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող օրերը սարսափելի դժվար աշխատանք իրականացրեցին լրագրողները և լուսանկարիչները: Եվ այս ցուցահանդեսը, ինչ-որ տեղ  հարգանքի տուրք է նրանց իրականացրած աշխատանքի նկատմամբ, քանի որ այդ օրը, որևէ մեկս չէինք կարող կանխատեսել, որ ոստիկանությունը ոչ իրաչափ ուժ կկիրառի: Հուսով եմ, որ այս փաստերը կդիտարկվեն որպես ապացույց՝ իրավական գործընթացների համար»,- Հոդված 3 ակումբում, ցուցահադեսի բացմանը նշեց ակումբի հիմնադիր, «Հանուն հավասար հնարավորությունների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը: roza5 Ցուցահանդեսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով անդրադարձավ մեդիայի աշխատանքին ՊՊԾ գնդի գրավման օրերին.« Հեռուստատեսություն՝ 2, քանի որ ներկայացվում էր զտված ինֆորմացիա, այն էլ սուտ: Ցավոք, սրտի մենք հեռուստալրագրություն չունենք՝ իշխանության գովքի ինֆորմացիա միայն: Բայց փարք Աստծո, ինտերնետ տիրույթը թույլ չի տալիս, որ լրատվությունը կաշկանդված լինի, հատկապես ուղիղ եթերների միջոցով քաղաքացին ուղիղ ինֆորմացիա է ստանում»: Ինտերնետ հեռարձակողներին ու ֆոտոլրագրողներին Արմեն Մարտիրոսյանը գնահատեց գերազանց՝ 5: Ցուցահանդեսը բաց կլինի բոլոր աշխատանքային օրերին՝ մինչև 13 հոկտեմբերը: