«Սա կոչվում է դանդաղ մահ» (տեսանյութ)
Թվային հեռարձակման անցնելուց հետո մարզային մի շարք հեռուստաընկերություններ թեև շարունակում են անալոգային հեռարձակումները, բայց արդեն առանց լսարանի. «Երբ անալոգային հեռարձակումը դադարեցվեց, բնակիչները բոլորը արդեն ձեռք բերեցին թվային կցորդիչներ: Մենք, փաստորեն, դուրս մնացինք նրանց տեսադաշտից»,- ասում է Արմավիրի «Ալտ» ՀԸ տնօրեն Խաչիկ Դանիելյանը: «Հրազդան» ՀԸ տնօրեն Մնացական Հարությունյանն էլ հավելում է. «Սա կոչվում է դանդաղ մահ: Եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա կվերանան հեռուստաընկերությունները, էդպես է տեսլականը: Գուցե իրենք էլ են էդպես մտածել, ինչը Սահմանադրության, խոսքի ազատության խախտում է, շատ խոցելի է այդ որոշումը»: Մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների ժամկետը երկարացված է մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի՝ ընդունիչ կայանի մուտքը: Բայց քանի որ այդ դեռեւս գոյություն չունի, ամեն մարզում հեռարձակվում է ընդամենը մեկ տեղական հեռուստաալիք, որը միացված է հանրային կայանին։ «Սկզբում այդպես գնաց խոսակցությունը, որ պետության կողմից ստեղծված այդ մուլտիպլեքսորը հնարավորություն ունի բազմաթիվ կայանների բազմաթիվ հաղորդումներ իր մեջ ներառել, բայց ինչո՞ւ բերեցին ու այդքան սահմանափակեցին մի քանի կայանների մեջ: Եթե կա հնարավորություն, մեզ էլ պիտի դրանց մեջ ներառեին»,-նշում է Մնացական Հարությունյանը, իսկ Խաչիկ Դանիելյանի խոսքով՝ մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթն արդեն քանի տարի է՝ չի անցկացվում. «Պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին շատ խիստ պայմաններ են առաջադրված, որ պետք է անպայման ծածկույթը հանրայինից ոչ պակաս լինի, եւ ամենախիստ պայմանը, որ ոչ մի վարձակալությունից պետք է չօգտվի»: Խնդրի լուծումը մարզային հեռուստաընկերությունները տեսնում են լրագրողական երեք կազմակերպությունների՝ Ազգային ժողով ներկայացրած երկու օրինագծերում։ Մարզային հեռուստաընկերությունների տնօրենները նշում են՝ եթե անգամ մասնավոր մուլտիպլեքսորներ հայտնվեն, միևնույն է՝ իրենք շարունակելու են վնասներ կրել, քանի որ տեխնիկական գործընթացը ժամանակատար է լինելու: Մանրամասները՝ տեսանյութում