«Ամենակարեւորը՝ չնկատեն, որ դու սայլակին ես» (տեսանյութ)
14 տարի առաջ գազի պայթյունը փոխեց Սեւակ Մխիթարյանի կյանքի ընթացքը։ Այն ժամանակ նա դեռ 17 տարեկան էր՝ շարժուն ու անհանգիստ երիտասարդ, որը երկու ոտքերի կորստի հետ համակերպվելուց բացի, ստիպված էր հաղթահարել նաեւ մարդկային վերաբերմունքը։ «Ոմանց մոտ խղճահարություն էի առաջացնում, ինձ մոտենում էին եւ փող էին առաջարկում, մարդկանց մտածելակերպի մեջ մտած էր, եթե սայլակին է՝ խեղճ է»,- ասում է ԱԻՆ «Տեխնիկական անվտանգություն ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը։ Մինչ այս պաշտոնում նշանակվելը՝ Սեւակը աշխատանք գտնելու հույսով բազմաթիվ դռներ է թակել։ Իրավիճակը փոխվել է 2012 թ-ին, երբ հրավիրել են Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ հարցազրույցի: Հետո վերապատրաստման 3-ամսյա կուրսերն էին ու արդեն 4 տարի է Սեւակն աշխատում է 7000-ից ավելի աշխատակից ունեցող կոլեկտիվում: «Ամենակարեւորը դա է, որ չնկատեն, որ դու սայլակին ես, իրենցից պակաս չենք, մեզանից նույն գործողություններ են պահանջում, ինչ մյուսներից»։ Հիմա հիշում է՝ ամենասկզբում, ոչ միայն իրենց, այլեւ կոլեկտիվի համար էր դժվար, չգիտեին ինչպես վերաբերվել իրենց, սակայն հիմա չեն էլ նկատում սայլակը: Հաշմանդամությունը Սեւակին չի խանգարել սպորտով զբաղվել, մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի։ Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ «Փյունիկ» հաշմանդամների միության ստեղծվեց բասկետբոլի թիմը։ «Էդ տղաներին տեսնելով հասկացա, որ կյանքը շարունակվում է, սկսեցինք մարզվել։ Մասնակցել եմ Առագաստանավային սպորտով հաշմանդամների աշխարհի առաջնությանը՝ 2011 թ-ի Լոնդոնում, դրանից հետո սեղանի թենիսի մրցումների եմ մասնակցել»։ Սեւակը կնոջ հետ հենց «Փյունիկում» է ծանոթացել։ Նա այնտեղ կամավորական հիմունքներով անգլերեն էր դասավանդում։ «Իմ կինն էլ ինձ ընդունեց այնպես, ինչպիսին ես եմ։ Տեսավ, որ չունեմ դժվարություններ, ճիշտ է քաղաքում կան դժվարություններ, բայց ես փորձում եմ հաղթահարել։ Հիմա ունեմ 2 որդի, որոնք աշխարհում ինձ ամենաշատն են ուրախություն պատճառում»։ Հիմա 6 եւ 3 տարեկան տղաների լուսանկարներն է ցույց տալիս ու ընդգծում, արդեն շատ վաղուց չի էլ մտածում, ինչպեսին կլիներ կյանքը, եթե չլիներ գազի պայթյունը։