Շուրջ 2250 անվանում դեղ այսուհետ վաճառվելու է դեղատոմսով (տեսանյութ)
Դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը , որով Հայաստանում արտոնագրված շուրջ 4500 անվանում դեղերի գրեթե կեսն այսուհետ վաճառվելու են դեղատոմսով: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեղատոմսով դառնալու են ոչ միայն հակաբիոտիկները, այլեւ ներարկման համար նախատեսված լուծույթները: «Եթե անգամ նույն դեղը հնարավոր է ձեռք բերել դեղահաբի տեսքով եւ առանց դեղատոմսի, ապա ներարկման համար նախատեսված լուծույթը պարտադիր պետք է լինի դեղատոմսով»: Հաստատված դեղատոմսի ձեւաթղթերից բացի, որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելու է, դրա համար նախատեսված են տույժեր եւ տուգանքներ: «Դեղատոմսը հաստատվում է նախարարի հրամանով, ապա դառնալու է նորմատիվ ակտ եւ գրանցվելու է ՀՀ արդարադատության նախարարությունում: Լինելու են հատուկ դեղատոմսեր, որոնցով դուրս են գրվելու թմրամիջոցներ, հատուկ դեղատոմսեր՝ հոգեմետ եւ հոգեներգործուն դեղերի համար: Առանձին դեղատոմսեր կլինեն նաեւ անվճար կամ որոշակի զեղչով դուրս գրվող դեղերի համար»: Դեղատոմսի վրա պետք է գրված լինեն այն բժշկական հաստատության հասցեն , հեռախոսի համարը, բժիշկի անուն-ազգանունը եւ բոլոր այն տվյալները, որով կարելի է իդենտիֆիկացնել դուրս գրող կազմակերպությանն ու բժշկին: Եթե դեղամիջոցը երկարաժամկետ օգտագործման համար է, ապա բժիշկը կարող է հաշվարկել եւ դեղատոմսում նշել բուժման համար անհրաժեշտ ողջ չափաբաժինը: «Հիվանդը պարտավոր չի լինելու միանվագ եւ միշտ նույն դեղատնից ձեռք բերել այդ դեղը: Կարող է ցանկացած դեղատուն գնալ եւ ձեռք բերել իր համար անհրաժեշտ չափաբաժնով՝ դեղատանը թողնելով դեղատոմսի պատճենը: Այն դեղատունը, որտեղ դուրս կգրվի վերջին չափաբաժինը՝ հիվանդը կթողնի դեղատոմսի բնօրինակը: Սրանով նաեւ վերահսկելու ենք՝ ցանկում առկա դեղերը դուրս են գրվել դեղատոմսո՞վ, թե՝ ոչ»: Ս. Խաչատրյանն ընդգծում է՝ բացառված չէ, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պոլիկլինիկաներում մարդկանց կուտակումներ եւ հերթեր լինեն, սակայն վստահ են, որ 1-2 ամսվա ընթացքում այս հարցը եւս կկարգավորվի: