«20 օրից հիվանդը չլավացավ՝ թաղումը կազմակերպում ենք» (տեսանյութ)
Թուրքիայի հետ սահմանամերձ Բագարան գյուղի բնակիչները օրը մի քանի անգամ ստիպված են լսել Մոլլայի ձայնը: Երեխաներն անգամ գիտեն հստակ ժամերն ու նշանակությունը: Փոխարենն այս գյուղում չեն հիշում, թե վերջին անգամ երբ են լսել եկեղեցու զանգերի ղողանջ ու պատարագ. «Ոչ ժամ ունենք, ոչ մատուռ ունենք, որ մի հատ մոմ վառենք»,- ասում է գյուղի բնակիչ Գեւորգ Գալոյանը: Մարդիկ ստիպված իրենց փոքրիկ աղոթատեղին են կառուցել: Սահմանամերձ գյուղում սա միակ ու ամենեւին ամենաանհանգստացնող խնդիրը չէ: Այստեղ չեն հիշում, թե երբ են վերջին անգամ ծորակից ջուր խմել, գազամատակարարում առհասարակ չեն ունեցել: Իսկ տրանսպորտի խնդիրը անգամ չգիտեն ինչ բառերով ներկայացնել: «Նախքան ընտրությունները մտցրեցին մի հատ ավտոբուս, օրը մեջ ա գալիս գնում, էտա: Վարկեր ունենք, չենք կարում տանենք մուծենք, 3-4 օր անցնում ա, վրեն արդեն 3-4 հազար գումար ա գալիս, ասում ենք չենք կարում գանք, ասում են մենք ինչ անենք»,- նշում է գյուղի բնակիչ Մարգարիտ Ղազարյանը: Ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են, այստեղ ավտոմեքենաներ էլ չեն գնում, քանի որ գիտեն՝ երկար չի դիմանա: Ոչ Բագարանում, ոչ էլ մոտակա որեւէ բնակավայրում հիվանդանոց չկա: Այստեղ մարդիկ կատակում են, թե հիվանդացողն արդեն գիտի իր ճակատագիրը. «Հիվանդը 20 օր հետո լավացավ, լավացավ, չէ՝ թաղումը կազմակերպում ենք, հանձնաժողովի նախագահն էլ ես եմ , տանում թաղում ենք»,- ասում է Կամո Գրիգորյանը: Բագարանցիներն ասում են, որ այստեղ հարսանիք էլ չեն անում. «Ինչո՞վ հարսանիք անենք, սաղ գողնում են, ես էլ եմ իմ կնգան գողցել»,- ավելացնում է նա: Արդեն մի քանի տարի է՝ ծիրանն այստեղ կարկուտի բաժին է դառնում, իսկ սոխը չի վաճառվում: Շատերը բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը։ Մեկնում են, հետո տանում ընտանիքներին։ Արաքսի աջ ափին գտնվող սահմանը պահող Բագարանը դատարկվում է օրեցօր: