Պինոկիոն՝ հայ մանուկների աչքերով (տեսանյութ)
«Հյուսելով ընկերություն» ընթերցանության խրախուսման փառատոնը, որը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, նպատակ ունի աշխարհի բոլոր երեխաներին միմյանց կապել գրականության միջոցով: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով՝ որպես առաջին հերոս՝ ընտրել են Պինոկիոյին, քանի որ այդ հեքիաթում շատ կարեւոր ուղերձներ կան՝ ծնողներին լսել, սուտ չխոսել: Փառատոնին մասնակից երեխաներն ազատ ստեղծագործել են՝ օգտագործելով Պինոկիոյի կերպարը: «Մենք ունեինք հստակ անվանակարգեր՝ տիկնիկագործության, նկարչության, ատաղձագործության, Պինոկիոյի քիթը՝ կիրառական այլ նպատակներով, օրինակ՝ Պինոկիոյի քիթը որպես կախիչ, իբրեւ գդալ, ծաղկաման»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Փառատոնի ավարտին բոլոր մասնակիցները ստացան Պինոկիոյի կերպարով արձանիկ, ինչպես նաեւ՝ ինտելեկտուալ նվերներ՝ գրքեր, խաղեր: