Սասնա ծռերի մի մասին ընդհանրապես մեղադրանք չպետք է առաջադրվեր. պաշտպան (տեսանյութ)
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Սասնա ծռերի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ գործն անջատելուց հետո սա առաջին դատական նիստն է, գործը լսում է դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։ Դատավարության հենց սկզբում դատավորն ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ ամբաստանյալները նստած դիմավորեցին իրեն, ապա նրանց ինքնությունները ճշտելիս ինչպես նաև հայտարարություններ անելիս ևս նստած մնացին։ Այս հարցը բարձրացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանը, ինչին ի պատասխան՝ ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը, նշեց, որ երբ դատարանը լինի անաչառ, իրենք էլ ոտքի կկանգնեն ու դեռ կխոնարհվեն։ Երբ դատավորը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը, ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը, նշեց, որ իրեն ծանուցագիր չեն ուղարկել՝ դատարան ներկայանալու համար. «Բայց ես ընկերներիս հարգելով ներկայացա»։ Մարտիրոս Հակոբյանը դժգոհություն հայտնեց, որ իրենց շղթայակապ են բերում նիստերի դահլիճ, օգտագործում են հատուկ մեքենաներ, և զինված մարդիկ են ուղեկցում իրենց։ Ամբաստանյալներից Արամ Մանուկյանին էլ մտահոգում է, որ 500 էջանոց գործի մեջ մեղադրական եզրակացությունը պարզապես հեքիաթ է, իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանը ղեկավարում է մի այնպիսի բաժին, որը վերաբերում է ապօրինի թմրամիջոցների շրջանառությանը. «Նա ի՞նչ կապ ունի մեզ հետ»։ Դատավոր Արթուր Օհանյանն էլ պարզաբանեց. «Այ մեր ընկերը՝ Արայիկ Հակոբյանը, մաթեմատիկոս է, դա նրա մասնագիտությունն է, իսկ դատախազը պարզապես ղեկավարում է այդ բաժինը»։ Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանն էլ ավելացրեց, որ ՀՀ զինանշանն ու եռագույնը պետք է լիներ ոչ թե դատավորի, այլ իրենց մոտ. «Իսկ ձեր թիկունքում չեբուրաշկայի նկարը պետք է լիներ, զինանշանը և եռագույնը պատկանում են մեզ՝ ժողովրդին, դուք հանդես մի եկեք Հայաստանի Հանրապետության անունից, դուք արժանի չես խոսելու և արդարադատություն իրականացնելոմ, դուք միայն պատվերներ եք կատարում»։ Պաշտպաններից Հրանտ Գևորգյանն ավելացրեց, որ հանցագործության շարժառիթը ներկայացված չէ և չի անհատականացվել յուրաքանչյուրի մեղադրանքը։ Ամբաստանյալները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատախազին, վերջինս առարկեց միջնորդության դեմ։ Պաշտպան Լուսինե Սահակյանն ավելացրեց, որ մինչ հանձնվելը, համապատասխան կառույցները թռուցիկներ էին տարածում, թե խրախուսող նորմեր են գործում, և շատերը կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից։ Շատ մարդկանց ընդհանրապես մեղադրանք չպետք է առաջադրվեր, և նրանք ապօրինի են գտնվում անազատության մեջ։ Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է՝ դատախազի ինքնաբացարկի մասին որոշում կայացնելու։