«Իմպրովիզով հաշվել ենք, որ ընդամենը 4 հազար քաղաքացի է վերադրաձել՝ 9 տարվա ընթացքում»
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյան, Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ օրենքը վերաբերում էր 27 տարին լրացած այն մեր համերկրացիներին, որոնք տարբեր պատճառներով երկրից դուրս են եւ այս օրենքով թույլատրվում է նրանց վերադառնալ. «Սա արդեն օրենքի 9-րդ փոփոխությունն է: Մենք այսպիսով բարի կամքի դրսեւորում ենք ցուցաբերում. նույնիսկ երեխա ժամանակ հեռացած մարդիկ ցանկություն ունեն վերադառնալու, սակայն ցանկանում են զերծ մնալ քերական պատասխանատվութունից: Այդ նպատակով օրենքով սահմանում ենք սահմանված վճարների փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 200-պատկի չափով: Դիմում կարող են ներկայացնել անգամ ծառայություն չանցած քաղաքացու լիազորված անձը: Այս օրենքի գործողություան ժամկետը 2019թ. դեկտեմբերի 1-ն է, այսինքն՝ այն համերկրացիները, որոնք կցանկանան, կարող են ենթարկվելով օրեքնի պահաններին՝ վերադառնալ: Այսպիսով, խթանում ենք դեմոգրաֆիական խնդիրներ ունեցող երկիր վերադարձը, մյուս կողմից չենք ցանկանում, որ այս օրենքը դառնա գործիք, դրա համար ժամկետը սահմանափակել ենք: Ելք խմբակցության առաջարկները չեն ընդունվել, քանի որ դրանք հակասում են այս օրենքի հիմքում դրված տրամաբանությանը: Մենք չենք ուզում, որ մարդիկ հեռանան ու հետո գումարներ վճարելով՝ ազատվեն ծառայությունից, քանի որ մենք պատերազմող երկիր ենք»: Քանի որ գրավոր առաջարկներ ներկայացրել էր միայն Ելք խմբակցությունը, այդ պատճառով միայն այս խմբակցության պատգամավորները կարող էին 2-րդ ընթերցման ռեժիմի դեպքում բանավոր հարցեր ուղղել զկուցողներին: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն տեղեկություններ, թե այս օրենքի ընթացքում քանի քաղաքացի է օգտվել այս հնարավորությունից. «Նաեւ՝ կա՞ արդյոք վիճակագրություն, թե այս հնարավորությունից օգտվածներից քանիսն է մնացել ՀՀ-ում»: Կարինե Աճեմյանը նշեց, որ նման վիճակագրություն չունի, սակայն այս օրենքի շնորհիվ 8 մլրդ դրամից ավելի գումար է փոխանցվել բյուջե եւ տարեկան հազարից ավելի մարդիկ վերադարձել են. «Պն-ն կարող է միայն նման մանրամասներ տալ»: Նիկոլ Փաշինյանը ավելացրեց. «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերների հետ իմպրովիզով հաշվել ենք, որ ընդամենը 4 հազար քաղաքացի է վերադրաձել: 9 տարվա ընթացքում դա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, քանի որ 12 հազար պարտադիր ծառայություն չանցած անձ հետախուզվում է հիմա»: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ այս ընթացքում մոտ 10 մլրդ դրամի մուծումներ են իրականացվել բյուջե, վերադարձածների թիվը մեկ տասնյակից մի փոքր է գերազանցում. «Շատ քաղաքացիներ սպասում են այս հնարավորությանը: Պետք է ասենք, որ սա վերջին հնարավորությունն է, երբ քաղաքացին կարող է խուսափել քրեական հետապնդումից՝ համապատասխան մուծումների դեպքում ու օրենքով սահմանված կարգով»: Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրրքվեց նաեւ՝ եթե սահմանված ժամկետից հետո են գալիս, ներկայանում, ի՞նչ է լինելու այդ դեպքում: «Մի քանի ճանապարհ ունեն՝ կամ դատական կարգով կրեն քրեական պատասխանատվությունը, կամ շարունակեն օտար ափերում ժամանակ անցկացնել»,- պարզաբանեց Արտակ Զաքարյանը: