Մասնավորը անվերջ չի կարող սակագին բարձրացնել. Վ. Արամյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության Սերգեյ Բագրատյանը, հարց ուղղելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, անդրադարձավ նախարարի այն խոսքերին, թե միայն 1մլդ 289 մլն դրամով սուբսիդավորել են Ջրային պետական կոմիտեին՝ խմելու սակագնի բարձրացման հետ կապված. «Ձեր ասլեով՝ եթե 11 դրամով բարձրացել է, այդքան եք սուբսիդավորել, այդ դեպքում եթե 22 դրամով սակագինը բարձրանար, 2,5 մլրդ դրամից ավելի դրամով պիտի սուբսիդավորեիք: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ մասնավոր կառավարիչ ունեք, կարծեմ, խմելու ջրի հետ կապված. էս մարդը ինչքան կուզի սակագինը կբարձրացնի, մենք էլ հարկատուների փողերը կասենք՝ առ, ախպեր ջան, մենք սուբիսադավորում ենք... Եթե կուզես, արի մյուս տարի էլ մի 5 մլրդ սուբսիադվորենք: Այսինքն, ինչքանո՞վ է դա լուրջ: Պայմանագիր եք կնքել, Կառավարությունը պատասխանատու է այդ պայմանագրի ամեն կետի համար: Բա, չե՞ք նախատեսել, որ այս մարդուն այնքան հնարավորություն ենք տվել, որ կարող է անսահմանափակ բարձրացնել սակագինը, դուք էլ անընդհատ մեր փողերը հավաքեք: Այդ ինչ փակ շղթա եք ստեղծել, խնդրում եմ բացատրել»: Վարդան Արամյանը հայտարարեց, որ այս դեպքում Կառավարությունը դրսեւորել է բարի կամք, որպեսզի այդ սակագնի բարձրացումը բնակչությունն իր վրա չզգա՝ թիրախավորելով խիստ կարիքավորներին. «Մասնավորը անվերջ չի կարող սակագին բարձրացնել, քանի որ պայմանագրում կան այնպիսի կոշտ դրույթներ, որոնցով խիստ սահմանափակում է ու կոշտ խաղի կանոններ է սահմանում, թե երբ կարող է նա դիմել ՀԾԿՀ՝ սակագնի բարձրացման համար: Ես վստահում եմ մեր հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմին»: Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ ասելով. «Աստվածաշնչում գրված է՝ ի սկզբանե էր բանը, չէ՞: Հիմա դուք մեկ տարի էլ չկա, որ այդ մրցույթը հայտարարել եք, պայմանավորվել եք էդ մարդու հետ, ասել եք՝ դու էժան դիր, հետո կբերես սակագինը կթանկացնես, մենք էլ սուբսիդիա կտանք: Եթե դուք այդ սակագնով մրցույթ եք հայտարարել, մի տարի անց նա բարձրացնում է: Լավ է՝ չեք ասել, որ կարող ես՝ 100 դրամով բարձրացնել»: Վարդան Արամյանը նշեց, որ սա որոշակի բիզնես է՝ կոշտ խաղի կանոններով, եւ այս ընկերությունը Երեւանում դրական արդյունքներ է ցույց տվել: