ԱԺ նստաշրջանն ավարտվեց, ՀՀ օրհներգը չհնչեց (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր քվեարկեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի, Մուրադ Մուրադյանի ներկայացրած «ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը փաթեթը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ: ԱԺ-ն ընդունեց նաեւ «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական դատավարության» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը 2րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու հարցը՝ 91 կողմ, 7 դեմ: «Հանրագրերի մասին» օրինագծի քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն, ըստ ԱԺ Կանոնակարգի՝ պետք է ընդունվի պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով: Այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ: Մյուս ուշագրավ քվեարկությունը տեղի ունեցավ «Վերահսկիչ պալատի 2018թ. տարեկան ծրագրի» հաստատման ժամանակ. այն ընդունվեց 91 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Դեմ էին Ելքի պատգամավորները: «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի առաջին ընթերցմամբ, քվեարկությունից առաջ, որը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վարման կարգով հայտարարեց. «Հարգելի գործընկերներ, ես դիմում եմ ոչ միայն ձեզ, այլեւ գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այս օրենսդրական նախաձեռնությամբ սահմանված նախորդ գործողի ընթացակարգը գործում է 20 տարի՝ 1997թ. հուլիսի մեկից: Խոսքը գնում է սահմանից ԱԱՀ հետաձգման մասին: 20 տարի շարունակ ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել, այսինքն՝ բիզնեսմենները վարկավորել են առանց տոկոսի՝ պետությանը: Հիմա մենք նախաձեռնեցինք, թեեւ անցած տարի ես երկու անգամ նախաձեռնել էի, այս անգամ եւս Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, սակայն սա բացառիկ օրինակ է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փոխզիջումային, բավականին դրական աշխատանքի: Որպեսզի 2018թ. պետական բյուջեի վրա սա բեռ չլինի, մենք հետաձգել ենք, որ 2019թ. հունվարի մեկից գործի եւ համապատասխանեցվի ԵՏՄ երկրներից եկող ընթացակարգին: Այսինք, 50 օր կհետաձգվի ԱԱՀ- գանձումը, Հորդորում եմ՝ կողմ քվեարկել այս նախաձեռնությանը»: Նախագիծը ընդունվեց միաձայն՝ 97 կողմ: Բացի այս նախագծերից, ԱԺ-ն ընդունեց եւս 11 նախագիծ՝ բոլորը միաձայն: Նիստի վերջում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 12-ին ժամը 11-ին Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ: Քանի որ ԱԺ այս նիստը նստաշրջանի վերջինն էր, աշխատանքների ավարտին պետք է հնչեր ՀՀ օրհներգը: ԱԺ նախագահությունը մի պահ ուզում էր հեռանալ, ապա՝ վերադառնալով ու նույնը կոչ անելով հեռացող մյուս պատգամավորներին, որպեսզի կանգնեն՝ լսելու հիմնը: Սակայն ԱԺ նախագահությանը մոտեցավ քարտուղարության ներկայացուցիչը եւ կարճ զրույցից հետո՝ բոլորն ուղղակի հեռացան դահլիճից: