«Եթե համայնքի ղեկավարը տղամարդ է, ապա հաջորդ ներկայացուցիչը պետք է լինի կին»
ԱԺ-ում այսօր «Միջհամայնքային միավորումների մասին» եւ կից ներկայացված օերնքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում հայտարարեց, որ այս օրենքով ունենալու ենք տոտալ ՀՀԿ-ական տեսակետի վերահսկողության տակ գտնվող համայնքներ՝ ավագանիներ ու ներկայացուցիչներ. «Այսինքն, ըստ էության, ընդդիմության ձայնը, որը այնքան էլ լսելի չէ համայնքներում, ընդհանրապես լռեցնում ենք: Արդյունքում՝ որեւէ այլ կարծիք, մոտեցում, համայնքներում չի լինելու: Այսպիսով, մենք գնում ենք հանրապետականացման բոլոր համայնքներում: Սրան լուծում կա՝ պետք է նախապատվություն տալ, օրինակ, ավագանին պետք է ընտրվի ընդդիմության ներկայացուիցչների միջից:Կանանց ներգրավածության հետ կապված լղոզված ձեւակերպումներ են՝ առանց ընդգծված շեշտադրումների: Արդյունքում մենք ունենք տղամարդկանց ակումբ: Դրա համար կոչ եմ անում ամրագրել՝ եթե համայնքի ղեկավարը տղամարդ է, ապա հաջորդ ներկայացուցիչը պետք է լինի կին: Մենք չենք կարող ամբողջ հանրապետությունով որոշումներ կայացնել միայն տղամարդկանցով, երբ կանանց ներգրավածությունն անհրաժեշտություն է ու նրանց մասին որոշումներ են»: