Պետք է նկարես թռչնակին ճյուղի վրա, հետո նստես ու սպասես, թե երբ նա կերգի. Լեոնիդ Ենգիբարով (տեսանյութ)
Նա չէր վախենում աղքատությունից և միայնությունից։ Չէր վախենում անել այն, ինչին հավատում էր։ Նա կարողանում էր հորինել տխուր և ուրախ հեքիաթներ և նվիրել մարդկանց... «Ժակ Պրեվերի բանաստեղծությանը ծանո՞թ եք՝ «Ինչպես նկարել թռչնակ»։ Պետք է նկարես թռչնակին ճյուղի վրա, հետո նստես ու սպասես, թե երբ նա կերգի։ Սա է հենց ամենակարևորը, որ երգի... իհարկե, երբեմն հնարավոր է ողջ կյանքդ սպասես, բայց դա արդեն կարևոր չէ»։ Ինչ կարելի է ասել նրա մասին, ում խոսքերն ու գրվածքները սոսկ խոսք ու գրվածք չէր, ով ապրում էր իր ստեղծած աշխարհում, իր ստեղծած օրենքների աշխարհում, իր հանճարեղ, բյուրեղյա, իր ջերմ աշխարհում... Նա իրեն ծույլ էր համարում, և ասում, որ եթե կարողանում է ինչ-որ բան հասցնել, միգուցե պատճառը այն է, որ չի սիրում և չի լինում աղմկոտ շրջապատներում... Պարգևը նրա համար կատարումի ճանապարհն էր։ Ճանապարհ, որ պետք է բարձրանար ու առաջ գնար։ Համբերեր, դիմանար...ու սկսեր նորից... Բեմական հագուստ, երեք լուսանկար, մի քանի շնորհակալագիր, ներկայացումների ծրագրեր, թերթերից կտրված ու պահված հոդվածներ, և ամենակարևորը՝ նրա ձեռագրերը։ Ահա դրանցից երկուսը՝ «Պրեմիերայի օր, օր երջանկության, օր տագնապի...Ես քեզ հետ եմ, տուր ինձ միայն քո տագնապը, իմ սիրո փոխարեն...»։ «Դու իմ վրա մի բարկացիր, բայց դա այդպես է... մահանում են ամենապայծառները, որոնք ծնվել են անձրևից... գրել է նա իր մեծ սիրուն՝ Յասյային» Ահա այն ամենը ինչ կա և խնամքով պահպանվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Այսօր Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է։