Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը  չի ուրախացնում ժողովրդին 

Քաղաքականություն
image-1

Սիրիան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին հայտնի դարձավ նախօրեին տեղի ունեցած  Աբխազիայի, Հարավային Օսիայի և Սիրիայի դեսպանների եռակողմ հանդիպումից հետո: Նորությունը գուցե ուրախալի է Աբխազիայի իշխանությունների համար, սակայն այն միանշանակ չի ընդունվում հասարակ քաղաքացիների կողմից: Աբխազիայի և Վրաստանի համար սահման հանդիսացող Օրսանտիա գյուղում այսօր ապրում են մի շարք փախստականներ, ովքեր պատերազմի տարիներին եկել են Վրաստան և այլևս չեն կարողանում հետ վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ միակ սահմանը` Ինգուրի գետի կամուրջը, մի քանի տարի է`փակ է աբխազական հատվածի կողմից: Այն այժմ հսկում են ռուս սահմանապահները. «Մենք նույն ժողովուրդն ենք, տարիներով կողք կողքի խաղաղ ապրել ենք, իսկ հիմա ստիպված թշնամացել ենք, ավելի ճիշտ, թշնամացրել են: Սա պարզապես խաղ է իշխանությունների համար»,  պատմում է Օրսանտիա գյուղի դպրոցի ուսուցչուհի Էլիսո Չիկվատիան: Վրաստանի սահմանը բաց է Աբխազիայի բնակիչների համար: Նրանք պարբերաբար գալիս են, ապրանքներ գնում, Վրաստանում ավելի էժան է, և հետ վերադառնում: Սակայն վրացիների մուտքը Աբխազիա բացարձակապես արգելված է: Անգամ պատահաբար այնտեղ հայտնվելու պարագայում, նրանք ստիպված են մեծ գումարներ մուծել: Եթե ընտանիքն աղքատ է, գումար չունի պատանդի դիմաց, այն հավաքվում է գյուղական համայնքի կողմից:                                                                                                                       Ստեղծված իրավիճակն ավելի բարդացավ, երբ 2016 թվականին փակվեց երկու տարածքները միմյանց կապող միակ օղակը` Ինգուրի գետի կամուրջը: Աբխազիայի քաղաքացիները միանշանակ չեն ընդունում իրենց անկախացումը, քանի որ կարծում են, որ այն հղի է մի շարք մարտահրավերներով. «21-րդ դարն է դրսում, ինչ սահմանների մասին է խոսքը:  Իրավիճակը պետությունների քաղաքական երկխոսության արդյունքն է, մենք պարզապես խամաճիկներ ենք ինքներդ էլ լավ գիտեք՝ ում ձեռքում». ընդգծում է Աբխազիայի քաղաքացի Ռոբերտը:                                                                                                                                 Հիշեցնենք, որ չնայած 26 տարի է անցել վրաց-աբխազական պատերազմից,  պետությունների սահմանները շարունակում են մնալ փակված: Տարածաշրջանում, թեև բացակայում է  զինված հակամարտությունը, մարդիկ շարունակում են ապրել լարված և սոցիալական ծանր իրավիճակում: Սահմանի փակման պատճառով  նրանք չեն կարողանում անցնել մյուս կողմ, հանդիպել հարազատներին.                                                                                                       «Աբխազական տարածքում քույրս էր մահացել, չէի կարողանում գնալ և մասնակցել հողարկավորության արարողությանը, ինչներիս է պետք այս ամենը» պատմում է Օրսանտիա գյուղի դպրոցի երաժշտության ուսուցիչը, ով մի քանի տարի է` ապրում է հայրենիքից հեռու:                                                                                                                                            Ի դեպ, Աբխազիայի անկախությունը, Սիրիայից բացի ընդունել են նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան  և Նաուրան: