Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավ ֆիլմը կկոտրի բոլոր սահմանները» (տեսանյութ)

Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային:

Հանդիպումից գոհությամբ վերադարձած պատվիրակությունը' Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ, այսօր լրագրողներին պատմում էր իրենց հաջողությունների եւ տպավորությունների մասին: Կինոկենտրոնի կողմից արտադրված 30 գեղարվեստական եւ կարճամետրաժ ֆիլմեր, մուլֆիլմեր ներկայացվել են կինոշուկային: Բացի այդ, ներկայացվել են անավարտ ֆիլմերի ծրագրերի ամփոփ փաթեթներ: Ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, փառատոնների հրավերներ, այդ թվում' գերմանական դիստրիբյուցիոն մի կազմակերպություն վերցրել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» միամետրաժ ֆիլմերի տեսասկավառակները:

«Կինոշուկային մասնակցելու ամենամեծ ձեռքբերումը կինոկենտրոնի պատասխանատուների եւ Ֆրանսիայի ամենամեծ դիստրիբյուտորներից մեկի' Ալան Թերզյանի հետ հանդիպումներն ու բանակցություններն են եղել: Մեծ ակնկալիք էլ չունեինք, որ կգնայինք, եւ միանգամից մեր ֆիլմերը կվաճառվեին: Սակայն ի ուրախություն մեզ, հայկական տաղավարը միշտ մարդաշատ էր.հետաքրքրությունը մեծ էր ոչ միայն ներկայացված ֆիլմերի ու անիմացիոն ժապավենների, այլ նաեւ անավարտ նախագծերի հանդեպ»,- նշեց Գեւորգ Գեւորգյանը: Վերջինիս պատմելով' այնտեղ էին խորհրդային միության այլ երկրների ներկայացուցիչներ եւս, ովքեր տաղավար չեն ունեցել, եւ զարմացել են, թե այս տարիներին Հայաստանը որքան ֆիլմեր է արել:  

Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչու այդ ֆիլմերը չեն ցուցադրվում Հայաստանում եւ հայ հանդիսատեսը տեղյակ չէ դրանց մասին, Գեւորգ Գեւորգյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ որտե՞ղ ցուցադրենք»: Վերջինս փաստեց, որ հեռուստաընկերությունները այդ ֆիլմերը ցուցադրելու համար իրենցից են գումար պահանջում:

«Պարալլելս» ֆիլմ պրոդաքշնի ռեժիսոր եւ գլխավոր պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն էլ պնդեց, որ լավ ֆիլմերը հասնում են հանդիսատեսին, չնայած ընդունեց, որ ֆիլմային քաղաքականությունը Հայաստանում շատ վատ է: Իսկ որպեսզի այն հասնի հանդիսատեսին, նա առաջարկում է' նախ' նկարել ավելի լավ ֆիլմեր, հետո էլ' աշխատանք տանել հեռուստաընկերությունների հետ: «Հայկական կինոյի վարկը այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք: Ես միայն 2-3 ֆիլմ եմ տեսել, որ ինձ ոգեւորել են: Լավ ֆիլմը կկոտրի բոլոր սահմանները: Իսկ լավ ֆիլմերի կարիք կա ամբողջ աշխարհում»,- ասաց Հովհաննես Գալստյանը:

Ի դեպ, հունիսի 19-ին Ռուսաստանում կմեկնարկի ամենամյա մոսկովյան միջազգային կինոփառատոնը, որին հատուկ հրավերով կկազմակերպվի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Իսկ մոսկովյան կինոփառատոնի «Հեռանկար» մրցութային ֆիլմերի ծրագրում կներկայացվի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ կինոնկարը: