Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Առաջարկում եմ ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով և լյուստրացիա անել, թե ինչու փակվեց «Ա1+»-ը․ Արա Ղազարյան (տեսանյութ)

«Այնպես է ստացվել, որ 17 տարի անց ողջ Հայաստանում մնացել է մեկ մարմին, որը կարծում է, թե «Ա1+»-ի հետ տեղի ունեցածը եղել է իրավաչափ։ Այդ մարմինը ՀՌԱՀ-ն է։ Ի զարմանս մեզ՝ որպես երրորդ կողմ ներգրավված ՀՌԱՀ-ից ստացանք պատասխան, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում»,- ասաց «Ա1+»-ի փաստաբանական խմբի ղեկավար Արա Ղազարյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերության դատական հայցին։

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը անցած տարի դիմել էր դատարան՝ առոչինչ ճանաչելու նախկինում կայացված վարչական ակտերն ու որոշումները և վերականգնելու խախտված իրավունքները։ Վարչական դատարանն արդեն նշանակել է առաջին նիստի օրը՝ մարտի 13-ին։ Առայժմ հայտնի չէ երկրորդ կողմի՝ կառավարության դիրքորոշումը, ինչը միգուցե կհայտնեն դատական նիստերի ժամանակ։

Հիշեցնենք, «Ա1+»-ը եթերազրկվեց 2002թ․ապրիլի 2-ին, և այն ժամանակ անգամ հայտնի էր, որ հեռուստաընկերությանը եթերազրկեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և իշխանության մասին ոչ հաճո մեկնաբանություններ լսելու համար։

«Նախկինում աներկբա հաստատված էր, որ գործադիրը միջամտել է դատական իշխանությանը, որպեսզի «Ա1+»-ը չվերադառնա եթեր։ Չեմ կարծում, որ հիմա կա այդ միջամտությունը։ Բայց երբ ՀՌԱՀ-ից նման պատասխան ես ստանում, արդեն մտածում ես՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե ոչ։ Դա խիստ տարօրինակ է, բա այս պաթոսը և ոգևորությունն ինչի՞ համար էին»,- զարմանում է փաստաբանը։

Իսկ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը առնչություն ունի՞ ՀՌԱՀ-ի այդ պատասխանի հետ։ «Ն․Փաշինյանը կապ չունի այս գործընթացի հետ, կառավարությունը գուցե դատական գործընթացում հայտնի դիրքորոշումը։ Հուսով ենք՝ նման խիստ լեգիստական դիրքորոշում չի ունենա»,- ասում է Ա․Ղազարյանը։

Փաստաբանն Ազգային ժողովին առաջարկում է քննիչ հանձնաժողով ստեղծել, և որպես մարդու իրավունքների խախտման խորհրդանիշ՝ ուսումնասիրել «Ա1+»-ի գործը և լյուստրացիա անել, թե ինչու փակվեց հեռուստաընկերությունը։ «Գուցե պետք է այս իշխանությունները քաղաքական գնահատական տան, գուցե պետք է լյուստրացիա անել և ի վերջո պարզել, թե «Ա1+»-ը ինչպես զրկվեց եթերից։ Եվ դա կլինի անցումային արդարադատության կետերից մեկը։ Եկեք Հոկտեմբերի 27-ը դնենք մի կողմ և ուսումնասիրենք «Ա1+»-ի գործը, թե ինչ է եղել կուլիսների հետևում, ով ինչ որոշում է կայացրել։ Դա դատարանի համար կարող է լինել նոր երևան եկած հանգամանք։ Դրա համար մեծ ռեսուրսներ պետք չէ, Հոկտեմբերի 27-ի համար մեծ ռեսուրսներ են պետք, Ա1-ի դեպքում մի քանի դերակատարներ են եղել։ Մեզ պետք է, որ Հայաստանում լինի առնվազն մեկ դատական ակտ այն մասին, որ «Ա1+»-ի իրավունքները խախտվել են։ Նաև ճիշտ կլիներ, որ քաղաքական գնահատական տրվեր, թե ինչու է փակվել»,- եզրափակում է փաստաբանը։

Ա․Ղազարյանն անդրադարձավ նաև ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և ասաց, թե քաղաքական դրդապատճառներով դատավորին աշխատանքից հեռացնելը չի կարող օբյեկտիվ լինել, դա պետք է լինի իրավական գործընթաց։ «Ես հարգում եմ քաղաքական օրակարգը, որ նոր իշխանությունները հավատարմորեն ուզում են  հասնել իրենց քաղաքական նպատակներին։ Դա ժողովրդավար կառավարման կարևոր գաղափարներից է, բայց ԵԽ համակարգում ժողովրդավարական կառավարումը նշանակում է արդար ընտրություններով գալ իշխանության և կառավարել մարդու իրավունքների և օրենքի գերակայության սահմաններում։ ՄԻԵԴ-ը, Վենետիկի հանձնաժողովը, ԵԽԽՎ-ն բազմիցս շեշտել են այս եռամիասնությունը»,- բացատրում է նա։

Ամեն դեպքում եվրոպական այդ կառույցներն ի՞նչ վերաբերմունք կհնչեցնեն սահմանադրական փոփոխությունների նկատմամբ։ «Կհնչի որոշակի քննադատություն, բայց կաշխատեն կոմպրոմիսային տարբերակով, ինչպես նախկինում է եղել։ Քննադատություն կլինի, ԵԽԽՎ օրակարգում գուցե ՀՀ ՍԴ դատավորների հարցը դրվի, բայց արդյոք մեր քաղաքական ռեսուրսները կբավարարե՞ն այդ քննադատությունները մեղմելու համար։ Վստահ եմ՝ այնտեղ արդեն աշխատանքներ տարվում են»,- ասում է նա։

Մանրամասները՝   տեսանյութում։