Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Հարցազրույց Տնտեսություն

Աշխարհի երեսին ապրող ցանկացած մահկանացու վնասներ է կրելու. Րաֆֆի Մխչյան

«Ա1+»-զրուցել է  Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի հետ։

 

- Պարոն Մխչյան, նոր կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամն ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի արտահանող ընկերությունների վրա:

- Մենք ընդամենը երկու արտաքին ճանապարհ ունենք` Իրանով և Վրաստանով: Իրանը արտահանման համար շատ քիչ ենք օգտագործում: Հիմնական ելքը մնում են ցամաքի և երկաթգծի միջոցով Վրաստանի տարածքով դեպի Վերին Լարսի և Փոթիի սահմանակետերը: Կառավարության գործողություններով չէ ամեն ինչ պայմանավորված, սա ֆորշ-մաժոր է, սրա ժամանակ ոչ մեկը ոչ մեկին չի կարող մեղադրել: Ես 51 տարեկան եմ, ծնվել մեծացել եմ Լիբանանում, որտեղ տարիներ շարունակ քաղաքացիական պատերազմ է ընթացել, ռմբակոծումներ եմ տեսել, բայց այսպիսի բան չեմ տեսել, որ ողջ աշխարհում ամեն ինչ կանգ կառնի:

- Ինչ վիճակում են հայտնվել արտահանողները և ի՞նչ է նրանց սպասվում առաջիկայում:

-Արտահանողներից մեկը ես եմ, հենց հիմա իմ արտադրամասում աշխատում ենք, բայց անգամ 10 հոգու չենք հասնում, պահում ենք պարտադիր բոլոր միջոցները և պատրաստվում ենք դեպի ԱՄՆ արտահանել ապրանքներ: Խոստացել են, որ երկուշաբթի-երեքշաբթի մեզ վրացական մեքենա կմոտենա, և ապրանքը ծովով կուղարկենք Կալիֆորնիա` Գլենդեյլ քաղաք: Բայց ես չգիտեմ, եթե այդ բեռը դրեցինք այդ մեքենայի մեջ, ձևակերպեցինք, մեքենան կկարողանա՞ մտնել Վրաստան, հասնել Փոթի նավահանգիստ: Կամ` Փոթի նավահանգստին կմոտենա՞ այն նավը, որը բեռնարկղը կվերցնի ու կտանի հաջորդ նավահանգիստը: Հարցեր են, որոնց պատասխանը ոչ ոք չունի, բայց մենք մեր աշխատանքը անում ենք, մնացածը թողնում Աստծո վրա:

Մենք ասում ենք, բեռների փոխադրման վրա արգելք չկա, բայց ամեն ինչն է դանդաղել, դժվարացել: Երեկ նայում եմ․ Լարսում ահավոր վիճակ է, մեր վարորդները նստած ճամփեզրերին՝ սպասում են առանց իմանալու իրենց գլխին գալիքը: Բաց է Լարսը, խանգարող ձյուն չկա, բայց ինչ-որ դանդաղել են ամեն ինչ: Վարչապետը խոստացավ, որ Վրաստանի վարչապետի հետ կխոսի հասկանալու համար, թե ինչ կարգավորումներ կարող են մտցնել: Ես տեսնում եմ, որ մեր իշխանությունները փորձում են ջանքեր դնել և ինչ-որ հարցերի լուծումներ գտնել, բայց սա միայն մեր կառավարության գործողություններից կախված չէ, սա գլոբալ խնդիր է:

- Ձեր կանխատեսմամբ այս ամառ կհաջողվի՞ գյուղմթերք արտահանել:

- Ես ժամանակին դիվանագետ եմ աշխատել, և ունեինք մի դեսպան, որին երբ ասում էի, արի եկող շաբաթ այս բանը պլանավորենք, ասում էր` թող ապրենք մինչև վաղը: Եկեք ապրենք, անցնենք այս հատվածը, հետո նոր ամռան արտահանումների մասին մտածենք: Ամեն տարվա նման Լարսի անցակետում ունենալու ենք խցանումներ, բերքն է փչանալու: Բազմաթիվ խնդիրներ, որոնք միշտ եղել են: Հիմա մեծ անհանգստություն կա ոչ միայն արտահանողների, այլև ընդհանրապես արտադրողների մոտ: Ախր խնդիրը այսօրվա մեջ չէ, խնդիրն այնն է, թե դրա հետևանքներն ինչ են լինելու: Իմ կարծիքով սա 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից շատ ավելի մեծ անկում է: Ամբողջ աշխարհում գոյություն ունեցող այս խուճապը անհետևանք չի մնալու, աշխարհի երեսին ապրող ցանկացած մահկանացու վնասներ է կրելու:

- Դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է, 1դոլարը հատել է 500 դրամի սահմանը: Ձեր կարծիքով դրամը ավելի շա՞տ կարժեզրկվի կամ պե՞տք է ավելի արժեզրկվի:

- Մեր երկրի տնտեսության մեծ մասը սնվում է ռուբլով, և Ռուսաստանից ռուբլի ենք ստանում: Դրամի արժեզրկումը ուղիղ կապ ունի ռուբլու արժեզրկման հետ: Որքան ՌԴ-ում ռուբլին արժեզրկվի, այդքան այստեղ պետք է տեսնենք դրա արտացոլանքը:

- Բայց ազդեցությունը համարժեք չէ, ռուբլին շատ է արժեզրկվել, դրամը` քիչ:

- Մերոնք կարողանում են զսպել: Նորից ասեմ, մեր երկրի տնտեսության մեծ մասը սնվում է ռուբլով, ապրանքների մեծ մասը ՌԴ է արտահանվում, այդ երկրից Հայաստան ապրանք է ներմուծվում: Բայց անկումը կարող է նույնը չլինել:

- Բայց ռուբլու անկումը հիմնականում նավթի գների նվազմամբ է պայմանավորված:

- Այս պատմությունը սկսվեց Չինաստանից, որը նավթի սպառման շուկայում ամենամեծ դերակատարն է: Երբ այդ երկրի նավթի գնումները կրճատվեցին, աշխարհում նավթի ավելցուկ առաջացավ: ՕՊԵԿ կազմակերպությունը որոշեց կրճատել ամենօրյա արտահանման չափը, բայց ՌԴ-ն դա չընդունեց: Դրան հակառակ՝ Սաուդյան Արաբիայի նավթային մագնատն ասաց, եթե դու չես ուզում, ես ավելի շատ կարտադրեմ ու քեզ կխեղդեմ: Մեծ լճացում տեղի ունեցավ, և նավթի գները իջան: Սա ՌԴ-ի սխալ քաղաքականությունն էր: Բայց հիմա կյանքը կանգ է առել, տեսեք, մեր փոքր քաղաքում ինչքան վառելիք էր վառվում: Ասում են համաճարակի պատճառով Ֆրանսիայում օդը այնքան է մաքրվել, որ վերջին շրջանում երբեք այդպես չի եղել: Չինաստանում օդը պայծառացել է: Ինչքան ժամանակ է պետք այս ճգնաժամից դուրս գալու համար, որ աշխարհը նորից մտնի իր ընթացքի մեջ և կարողանա նավթի նախկին քանակությունները սպառել: