Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Արտաքին պարտքի ներգրավվումն անխուսափելի է. Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)

2019 թվականի արդյունքներով՝ արձանագվել է տնտեսության  7.6 տոկոս իրական աճ, երբ համաշխարհային տնտեսությունը աճել է 2.9 տոկոսով․ գործընկեր միություններից՝ եվրամիության ցուցանիշը կազմել է 1.4  տոկոս աճ, ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը՝ 1.6 տոկոս:

Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ տնտեսության աճին  նպաստել է նաև ծառայությունների ոլորտը՝ 5.2 տոկոսով և արդյունաբերությունը՝ 1.9 տոկոսով:

«Հատկանշական է, որ 2019 թվականին վերամշակող արդյունաբերությունը  ունեցել է առաջանցիկ տեմպ: Միջին գնաճը կազմել է 1.4, այս նույն ժամանակ միջին աշխատավարձը աճել է 5.8 տոկոսով, ընդ որում պետական հատվածի աշխատավարձը ավելի արագ է աճել, քան մասնավորինը: Սակայն մասնավոր հատվածի աշխատավարձը շարունակում է մնալ 12-ից 20-ով ավելի բարձր, քան պետական հատվածում միջին աշխատավարձն է: Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը: Եկամուտների շուրջ 94 տոկոսը կազմել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 464 մլրդ դրամ ցուցանիշ է արձանագրվել: 64 մլրդ դրամ է եղել հաշվետու տարվա դեֆիցիտը: Այն կազմել է համախառն ներքին արդյունքի 1 տոկոսը, սա այն գործառությունների հետևանք է, որը արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասում: Ընդհանուր պետական պարտքը 2019թվականին 7 մլրդ 324 մլն դրամ է կազմել, որի մեջ կառավարության մասնաբաժինը՝ 6 մլրդ 835մլն  ԱՄՆ դոլար»: 

Ֆինանսների նախարարը նշեց, որ ամբողջ աշխարհում բոլոր պետություններն արձագանքում են այն բացասական ազդեցություններին, որը համաճարակի հետևանքով է առաջացել, և Հայաստանը բացառություն չէ:  Ենթադրվում է, որ 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած տնտեսական 4.9 իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում:

«Խոսքը վերաբերում է նրան, որ տնտեսության վրա բացասական ազդեցությունների հանգամանքով պայմանավորված՝ կանխատեսվում է տնտեսության չափի նվազում: Եթե 2020 թվականի բյուջեի մասին օրենքում 7 տրիլիոն 95 մլրդ դրամ է կանխատեսված , ապա ենթադրվում է, որ կկազմի  6 տրիլիոն 485 մլրդ  դրամ:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում․

«Բայց անխուսափելի է արտաքին պարտքի ներգրավվումը, քանի որ հակառակ դեպքում չենք կարող ունենալ անհրաժեշտ միջոցներ սպասվող բացասական զարգացումներին դիմակայելու համար»,- ասաց նա: