Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարենցը կդառնար 113 տարեկան (տեսանյութ)

Մշակույթ

Վաղը` մարտի 13-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 113-ամյակը: Ծննդյան օրվա առթիվ տուն-թանգարանն արդեն տոնական տեսք ունի` ցուցադրման են հանվել նրա կենսագրական, ստեղծագործական հարուստ ժառանգության զգալի մասը, «Անտիպ եւ տպագրված ձեռագրեր» խորագրի ներքո կներկայացվեն թանգարանի հիմնական ֆոնդում գտնվող Չարենցի ձեռագրերը: Այդ օրը վերանորոգումից հետո պաշտոնապես կբացվի ու կօրհնվի նաեւ «Հուշատունը», որտեղ իր կյանքի վերջին 2 տարին է անցկացրել Եղիշե Չարենցը եւ որտեղ էլ պահպանվում են նրա անձնական իրերը, գրադարանի մի մասը` շուրջ 1422 գիրք:

Հանճարեղ բանաստեղծի 113-ամյակը տուն-թանգարանի տնօրինությունը փորձում է ըստ արժանվույնս նշել: Սակայն «Ա1+»-ի հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ափսոսանք հայտնեց, որ Չարենցի ստեղծագործությունների վերջին հրատարակությունը կազմել է նրա դուստր Անահիտ Չարենցը: Այն կոչվում է «Վերջին խոսքը» եւ ընդգրկում է բազմաթիվ անտիպ գործեր:

Լիլիթ Հակոբյանը պատմեց, որ շատ հաճախ անհատ մարդիկ Չարենցի շատ արժեքավոր ձեռագրեր են բերում տուն-թանգարան վաճառելու, որոնք ձեռք բերելու համար գումար չի լինում: Պետությունն այս հարցում աջակցություն չի ցուցաբերում. այն միայն վճարում է աշխատավարձերը, ֆինանսավորում որոշ հրատարակություններ, միջոցառումներ: «Դժբախտաբար, մեր ազգի մեջ մեծահարուստները, օլիգարխներն էլ մշակույթին մեկենաս երբեք չեն դառնում, աջակից չեն լինում մշակութային այսպիսի օջախների»,- նշեց Լիլիթ Հակոբյանը:

Որքան էլ սուղ են միջոցները, այնուամենայնիվ լինում են նաեւ նվիրատվություններ, որոնց շնորհիվ տուն-թանգարանը միայն հիմնական ֆոնդում այսօր ունի 7909 միավոր թանգարանային առարկա, որն ամեն տարի համալրվում է` 30-40 միավորով: Վերջին տարում տուն-թանգարանի ձեռք բերած ամենաթանկ ցուցանմուշը բանաստեղծի աղջիկների` Անահիտ Չարենցի, ինչպես նաեւ, Արփենիկ Չարենցի` նվիրաբերած ձեռագրերն են:

Տուն-թանգարանի տնօրենը մարդկանց հաճախելիությունից գոհ է: Նրա ասելով` նույնիսկ կան մարդիկ, որոնք ամեն շաբաթ են պարտադիր գալիս, իսկ ոմանց համար էլ` Չարենցի տուն-թանգարանը սրբատեղի է դարձել: Մեր այն հարցին, թե եթե Չարենցը կենդանի լիներ, ի՞նչ կգրեր այսօր` Լիլիթ Հակոբյանը հարցին` փիլիսոփայորեն պատասխանեց. «Կարդացեք նրա ցանկացած ստեղծագործություն եւ կտեսնեք, որ նա մեր կողքին է. ինքն հիմա էլ կարծես տեսնում է` ինչ է կատարվում եւ նաեւ արձագանքում է: Այստեղ է նրա հավերժության բանալին: Ինչպես ինքն է ասել. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական դեպի դարերը նորից»: