Լեզուն ազգի հայելին է
Աջակցիր «Ա1+»-ին-Ինչպե՞ս եք գնահատում հայոց լեզվի ներկա վիճակը:
-Մեր լեզվի ներկա վիճակը պայմանավորված է մեր այսօրվա հանրային կյանքի և ազգային գիտակցության ընդհանուր մշակութաբանական դրվածքով: Ամենուրեք տիրող աղետալի անորակությունը անմիջականորեն արտացոլվում է լեզվի վիճակի վրա: Ի՞նչ է կատարվում այսօր մեր աչքի առջեւ: Ոտնահարվում են մեր երկրում պետական լեզու հռչակված և պետական հովանավորություն վայելող գրական հայերենի իրավունքները: Հայտնվել են մարդիկ, ովքեր գրավոր և բանավոր հայտարարում են, որ գրական հայերենը մեռած լեզու է: Այսինքն' նրանց համար գրական հայերենը որպես գրի ու հաղորդակցության միջոց արդեն գրաբար է, իրենք էլ իբր մի նոր միջին հայերենի կամ մի նոր աշխարհաբարի հետնորդներ են: Այս մտայնությունը շինծու է, հակաբնական ու հակագիտական, և պետք է արժանի հակահարված ստանա:
Ոմանք գրական լեզվով ճիշտ խոսելու հարցը քաղաքականացնում են եւ կապում ժողովրդավարության պահանջների հետ. իբր գրական հայերենը սահմանափակում է անհատի լեզվական արտահայտման հնարավորությունը: Սա ևս շինծու և հորինովի տեսակետ է: Մարդը հասունանում է հիմնականում լեզվական երկու միջավայրում' գրական-պաշտոնական ու ժողովրդախոսակցական, և երկու միջավայրերի համար մշակում լեզվական համապատասխան դրսևորում: Այնպես որ նրա ազատությունը չի սահմանափակվում: Իսկ սահմանափակության մասին խոսողները պարզապես գռեհկաբաններ են:
Եվ ի՞նչ են անում նրանք:
«Է» օժանդակ բայի փոխարեն օգտագործում են «ա»-ն և չեն մտածում, որ եթե այս միտումն օրինականացվի, ապա խոյեցիներն էլ կպահանջեն խոսել «ի» օժանդակ բայով (իկյալ ի, եռալ ի), որոշ բայազետցիներ' կրկնակի օժանդակ բայով (մկա հի՞նչ ես ասում ես):
Ավելանում է բառերի անհարկի սղումը: Սղումը շատ մեծ լեզվական ճաշակ է պահանջում: Պետք է ասել «սնանկանալ» և ոչ թե առաջին «ա»-ն սղել, պետք է ասել «մատուռի» և ոչ թե «մատռան», որը ոչ միայն անբարեհունչ է, այլև հեռանում է բառի բուն իմաստից: Գեղեցիկ կլինի ասել և գրել «դուստրեր»և ոչ թե «դստրեր, «Սանահինում» և ոչ թե «Սանահնում»:
Ավելանում են բառերի վերջին տառերի անկման դեպքերը' «չեմ բերել» ի փոխարեն' «չեմ բերե», «չեմ տվել»-ի փոխարեն' «չեմ տվե»: Շրջանառության մեջ են մտնում քերականական սխալ ձևեր: «Այսպես» ասելու փոխարեն տարածված է «էդ ձև» սխալ արտահայտությունը և այլն: Բայց ինչքա՞ն տգեղ է նման խոսքը:
-Ասում են' լեզուն զարդարում է մարդուն: Այդպե՞ս է:
-Նաև' հակառակը: Նայած, թե ինչպիսին է այդ լեզուն: Լեզուն զարդարում է նաև քաղաքների ձևավորումը: Նաև' հակառակը: Այս անցանկալի հակառակի դեպքերը նույնպես աչքի են զարնում: Մեր քաղաքները ողողված են օտարագիր ցուցանակներով, ինչը հակակրանք է առաջացնում ոչ միայն մեր, այլև հենց օտարների մեջ: Էլ չեմ ասում, որ այդ նմանահանումներն արվում են ուղղագրական, երբեմն նաև' իմաստային կոպիտ սխալներով:
-Երբ խոսվում է լեզվական աղավաղումների մասին, ամենից շատ ԶԼՄ-ների լեզվական վիճակն է նշվում:
-Այո, շատ արատավոր է թե հեռուստահաղորդումների, թե ռադիոհաղորդումների լեզուն: Արատավոր է հաղորդավարների, հանդիսավարների լեզվական իմացությունը, բառապաշարը, բառի շեշտն ու հնչերանգը: Կարծես հաղորդավարներն ու հանդիսավարները ոչ թե հանրության առջև են, այլ շուկայում կամ իրենց խոհանոցում: Էլ չեմ ասում հյուրերի մասին, հատկապես եթերը բռնագրաված քաղաքական գործիչների, վերլուծաբանների, երիտասարդ ապաշնորհ երգիչ-երգչուհիների, որոնց մեծ մասին լսելու ցանկություն չի մնում արդեն իսկ առաջին նախադասությունից հետո:
Սխալաշատ է թերթերի լեզուն: Լեզվական սխալների հետ մեկտեղ շատ են ակնհայտ վրիպակները, որոնք որակ են կազմում: Անհրաժեշտ է ուժեղացնել նյութերի մասնագիտական խմբագրման աշխատանքը:
-Կարծում եք' գրական հայերենը վտանգվա՞ծ է:
-Ամենևին: Ժամանակակից գրական հայերենը հարուստ և ապագային միտված լեզու է: Խեղկատակներ են բոլոր նրանք, ովքեր նրա մահն են գուժում: Մեռած են նրանք և նրանց լեզվազգացողությունը, և ոչ թե գործող լեզուն:
Հայոց լեզվի պատմական զարգացման, լեզվական փուլերի հաջորդականության, աշխարհաբարի ձևավորման և մշակման, լեզվի ու ոճի տարբեր հարցերի մասին գրվել են բազմաթիվ աշխատություններ: Այսօր առաջնահերթ է հայոց լեզվի ներկա վիճակի' գրական և խոսակցական հայերենի համակողմանի վերլուծությունն ու քննությունը:
Այս նպատակով իրենց գործունեության բարձրության վրա պետք է լինեն հայոց լեզվի հարցերով զբաղվող բոլոր կառույցները' սկսած լեզվի պետական տեսչությունից, տերմինաբանական կոմիտեից (եթե այն դեռևս կա և գործում է), ակադեմիական ինստիտուտներից, բուհերի լեզվաբանական (նաև գրական) ամբիոններից, գրողների միությունից մինչև հանրակրթական դպրոց' որպես մայրենիի հիմնական դարբնոց:
-Իսկ ինչով է զբաղված Լեզվի պետական տեսչությունը:
-Որքանով ես առնչվել եմ այս կառույցին, այն տարիների ընթացքում ոչ միայն թվաքանակով է փոքրացել, այլև' գործառույթներով: Այսօր այն որոշակի ստուգումներ իրականացնող մարմին է, չնայաց իրականում որևէ լուրջ ազդեցություն չունի, քանի որ պարզ ճշմարտությունները փորձում է պաշտպանել դատական քաշքշուկներում: Մինչդեռ այն կարող էր իսկապես լեզվաքաղաքականություն մշակել, նպաստել դրա իրականացմանը, բազմաթիվ լեզվաշինական խնդիրներ լուծել: Ասում են' իրավասություններ չունի: Ուրեմն պետք է տալ, եթե մտահոգված ենք մեր լեզվի ներկայով և ապագայով: Այն հնարավորինս ինքնուրույն, գործուն, հասցեական և ճկուն գործառույթներ ունեցող մարմին պետք է լինի, այլ ոչ' որևէ գերատեսչության կազմում: Թեկուզ' այն կարգավիճակով, որ կար 90-ական թվականներին: Լեզվի պետական տեսչությունն այն ժամանակ ՀՀ կառավարության կազմում էր և որևէ նախարարության չէր ենթարկվում: Եթե այս գորդյան հանգույցը չբացվի, լեզվական խնդիրների լուծումներին երկար ենք սպասելու: