Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նարեկ Սարգսյանի ծրագրով Երևանի կենտրոնում շենք է քանդվել (տեսանյութ)

2018թ. մարտի 22-ի ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Մի քանի օր առաջ արդեն Կառավարության շենքից ոչ շատ հեռու գտնվող շենքը քանդել են։   

Քաղաքի ճարտարապետությամբ մտահոգ քաղաքացիներն ահազանգում են՝ Երևանի մասին հուշերը հողին են հավասարեցվում։

Սև տուֆե սրբատաշ քարից կառուցված, Հանրապետության նրբանցք 9-րդ տան ճակատային մասը  թվագրվում էր  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ։

Հաջորդը քանդելու են մի քանի մետր այն կողմ  գտնվող  շենքը,-ահազանգում  է   ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան Սերգո Տոնոյանը

«Այս նախագիծը մշակվել է տխրահռչակ Նարեկ Սարգսյանի կողմից, եթե չասենք, որ ինքն է այս ամբողջ պրոյեկտի հեղինակը։ Պատկերացրեք այստեղ քանի հեկտար տարածք է, և գոնե 2018 թվականից հետո կարելի էր հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է շարունակում այդ մարդը նախագիծը անել, ինչո՞ւ է մի հոգու տրված, մի՞թե հնարավոր չէր նոր մրցույթ անցկացնել»։ 

Ճարտարապետին մեկ հարց է հետաքրքրում՝ տարածքի նախագիծը  ո՞ր փուլում է, կա՞  թույլտվություն, թե՞ ոչ։ 

Քաղաքապետ  Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքում է, որ գործող քաղաքապետի  պաշտոնավարման ընթացքում որևէ քանդման որոշում կամ շինթույլտվության չի տրվել

«2014 թվականին ներկայացվել և Կառավարության հավանությանն է արժանացել մի նախագիծ, ըստ  այդ նախագծի՝ տեղի են ունեցել տարածքի իրացման աշխատանքեր։ Մարդը եկել է, տարածք է ձեռք բերել, իմանալով, որ այդտեղ պետք է կառուցի կոնկրետ ծավալի շինություն։ Կան արդեն տարածքի սեփականատերեր կամ շահառու համարվող մարդիկ»։ 

Կարապետյանը շեշտում է՝ նախագիծը շարունակում է ուժի մեջ մնալ նաև այսօր, չեղարկման հիմքեր չկան

«Կառուցապատողը համապատասխան պետական գերատեսչությունների հետ ունի պայմանավորվածություն, այն շենքերը կամ ճակատները, որոնք նույնիսկ հուշարձանների ցանկում ներառված չեն, այդ շենքերի նկատմամբ ևս ինչ-որ վերաբերմունք ցույց տալու, այսինքն՝ ճակատը նախագծի շրջանակներում վերականգնելու»։ 

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն եւ  Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը այսօր կոչ են արել իշխանություններին  հանրությանը ներկայացնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման՝ այս պահին քննարկվող նախագիծը, տեղեկացնել, թե ինչ ճակատագրի են արժանանալու Ֆիրդուսի թաղամասի ժառանգության շերտերը՝ ներառյալ պահպանված աղյուսե կառույցները։ 

 «Ա1+»-ի հետ  զրույցում Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ  Սերգո Տոնյանը  պնդում է՝  այս շենքերը հնարավոր էր ներառել պահպանվող  հուշարձանների  շարքում։

 «Խնդիր չկա, թող տարածքը արդիականացնեն, կառուցապատում անեն, բայց հնի այն տարածքը, որը, ըստ մասնագետների, արժեք է ներկայացնում, դրանց պահպանման գնով անեն փոփոխությունները»։

 Այս  տարածքում բնակվողները  եւս  շարունակում են պնդել, որ արդարացի չէին օտարման որոշումները։

Անահիտ Փխրիկյանն  ասում է՝  նշված տարածքը պապիկից է ժառանգություն ստացել։ Փոխհատուցման չափից զատ  կա նաեւ հիշողության հարցը։

 «Մեզ հետ բանակցությունների չեն նստում,    գալիս են, ասում են՝ տարածքը պետք ա ազատեք»։

Դիմել են դատարան, գործն ընթացքի մեջ է։

 «Թող գան, մի հատ ինձ հարցնեն, կարողա ես առաջարկություն ունեմ, որովհետև իմ ապրանքնա սա, իմ սեփականությունն ա»։ 

Հիշեցնենք, որ  դեռեւս 2017թ-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

 Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության, Փ. Բուզանդի ու Խանջյան փողոցների միջակայքում նոր թաղամաս է կառուցվելու՝ բնակելի, հասարակական և սպասարկման օբյեկտներով, բիզնես կենտրոններով, հյուրանոցներով, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիներով: