49 դեպք է եղել, երբ ծնողները միաժամանակ սեղմել են գրանցման կոճակը. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին դասարանցիների ընդունելության հայտագրումն ամբողջովին կատարվելու է առցանց։ Այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Համակարգը փորձարակվել էր նախորդ տարի եւ փորձնական կարգով հայտագրումը իրականացվել էր միայն Երեւանում։
«Մեր հաշվարկներով՝ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-57 հազար երեխաների համար, սրանք այն երեխաներն են, որոնց համայնքներում կան մեկից ավելի դպրոցներ։ Այս պահին հայտագրվել են 22 հազար 150 առաջին դասարանցիներ»,- ասաց նա։
Փոխնախարարը հիշեցրեց, որ երկու խմբերի ընձեռվել է առաջնահերթության իրավունք կոնկրետ դպրոց ընդունվելիս. այն երեխաներին, որոնց քույրը կամ եղբայրն արդեն սովորում է դպրոցում , եւ որոնց ծնողներն աշխատում են դպրոցում։
Այս առաջնահերթությունից օգտվել է 9 հազար 247 երեխա։
Մինչեւ բուն հայտագրումը այս տարվա մայիսից համակարգը բաց է եղել բոլոր ծնողների համար՝ տվյալները մուտքագրելու եւ լրացուցիչ ճշտումներ կատարելու համար։
«Հայտագրման գործընթացի ժամանակ առանձնացրել ենք մի քանի խմբեր, որոնք լրացուցիչ լուծումների կարիք ունեին. դա միաժամանակ գրանցված երեխաների խնդիրն է։Մենք ունենք իրավիճակ, երբ ծնողները փորձել են գրանցել հենց առաջին օրը։ Շուրջ 49 դեպք է եղել, երբ ծնողները միաժամանակ սեղմել են գրանցման կոճակը,եւ բոլորին գնացել է միեւնույն PIN կոդը։ Ունենք խումբ, երբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունները սահմանափակ են կոնկրետ դպրոցներում, եւ այս երեխաներին պետք է հնարավորություն տրվի սովորել իրենց մայրենի լեզվով»,- ասաց նա։
Նշենք, որ համակարգը բաց է ամբողջ տարին. ծնողները հնարավորություն ունեն գրանցելու իրենց երեխաներին նոր ուսումնական տարվա համար մինչեւ սեպտեմբեր, այնուհետեւ, եթե տարվա ընթացքում կլինեն դեպքեր, կկարողանան փոխություն անել։
Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ առաջին դասարանցիների գրանցման համակարգը արձանագրել է ծնողների կողմից կեղծված փաստաթղթեր՝ երեխային ցանկալի դպրոցում գրանցելու համար։
«Մենք փորձել ենք շատ մանրակրկիտ ստուգել ամբողջ տվյալները, որոնք գրանցվել են առաջնահերթության սկզբունքով, ունեցել ենք 6 տասնյակ դեպքեր, երբ որոշակի տվյալների ճշգրտման կարիք ենք ունեցել, այս ամբողջ ընթացքում աշխատել ենք ՔԿԱԳ գործակալության հետ, եւ այն դեպքերը, որտեղ եղել են ավելի լուրջ հիմքեր մանրակրկիտ նայել ենք, իհարկե եղել են հատուկենտ դեպքեր, երբ եղել են փաստաթղթերի խեղաթյուրման փորձեր։ Ուզում եմ ասել, որ նման դեպքեր չարվեն, համակարգը շատ հստակ է աշխատում,եւ մենք ունենք ստուգելու բոլոր հնարավորությունները»,-արձագանքելով այս խնդրին՝ ասաց ԿԳՄՍՆ նախարարի տեղակալը։