ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշումը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտեի վերջին որոշման մեջ, որը նվիրված է «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների պայմանավորված խաղերում ներգրավված լինելուն, բավական լուրջ սխալ է թույլ տրվել:
Մասնավորապես՝ կոմիտեի որոշմամբ «Լոկոմոտիվ» ակումբին տեխնիկական պարտություն է գրանցվել հունիսի 12-ին «Մասիսի» հետ կայացած խաղում, իսկ մրցակցին շնորհվել է տեխնիկական հաղթանակ: Սակայն, նույն խաղում տեխնիկական պարտություն է հայտարավել նաև «Մասիս» ակումբին՝ հաղթանակ շնորհելով մրցակցին: Ստացվում է, որ երկու թիմերին էլ գրանցվել է և պարտություն, և հաղթանակ: Նույնպիսի պատկեր ենք հանդիպում նաև «Տորպեդո» - «Լոկոմոտիվ» խաղում, քանի որ երկու ակումբներն էլ պատժվել են կոմիտեի կողմից:
Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի կողմից ներկայացված խաղերի ցանկին, որոնք, ըստ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման պայմանավորված բնույթ են կրել, ապա ցանկալի կլիներ, որ կոմիտեն որոշակի պարզաբանումներ աներ: Օրինակ, ովքեր ինչպիսի խաղադրույքներ են կատարել: Եթե խոսքը գնում է կոնկրետ հաշվի կամ, այսպես ասած Պ1Պ2-ի մասին (խաղադրույք կատարողներին ծանոթ է այդ տարբերակը - հեղ.), ապա նման դեպքում շատ հնարավոր է, որ պայմանավորվածությանը մասնակցած լինեն նաև մրցակից թիմի ներկայացուցիչները:
Ինչևէ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ֆեդերացիայի նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։ Հուսանք, որ դա վերջապես կհաջողվի ֆեդերացիային և նոր մրցաշրջանից այլևս ոչ մի խոսակցություն չի գնա պայմանավորված խաղերի մասին: