Աշակերտների դիմակ կրելու պայմանը դեռ քննարկվում է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴպրոցներում աշակերտների դիմակ կրելու մասով ԿԳՄՍՆ դեռ քննարկումներ է վարում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասում է մինչև սեպտեմբերի 15-ը կավարտեն գործընկերների հետ բանակցելը և կհայտարարեն վերջնական որոշում։
«Ինչպես բոլոր հաստատություններում, դպրոցում նույնպես կանոնների պահպանման վերահսկողությունն իրականացնելու է տեսչական մարմինը՝ պարբերաբար այցելություններով։ Սկզբում սա կրելու է աջակցող բնույթ, մենք միտում չունենք տուգանելու, կրթական հաստատություններում ուսուցողական մոտեցում է պետք»․- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է կորոնավիրուսային իրավիճակի հսկողության պատասխանատու, ոչ թե ուսուցիչն է հավելյալ գործառույթ իրականացնելու, այլ պատասխանատուների մեջ է բաշխվելու ինչպես հետևել ընդհանուր գործընթացին։
«Երեխաներին հենց դպրոցում պետք է բացատրել կանոնների պահպանման կարևորությունը, սովորեցնել հանրային ճիշտ վարքագծի կանոնները։ Այդպիսով ոչ միայն կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետություն կունենանք, այլ վաղը շատ ավելի գիտակից և պատրաստ քաղաքացիներ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ախտահանիչ միջոցների ձեռք բերմանը, նախարարի տեղակալն ասում է, որ դպրոցները նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակին հեռավար են գործել, ունեն խնայած միջոցներ, որոնք էլ կուղղվեն անհրաժեշտ պարագաների ձեռք բերմանը։
ԿԳՄՍՆ սահմանել է մոտեցում, ըստ որի ուսուցչի ծանրաբեռնվածությունը չգերազանցի սահմանված ժամը, եթե տվյալ դասարանին հատկացված է օրինակ շաբաթական երկու ժամ, և դասարանը կիսվում է, ապա ուսուցիչը մի ժամը կանցկացնի մի խմբի հետ, մյուս ժամը՝ մյուս խմբի։
Ռիսկային խմբում գտնվող ուսուցիչները կունենան ընտրության հնարավորություններ, մասնավորապես՝ նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը, կամ դասերը հեռավար կազմակերպել, եթե դպրոցը կկարողանա ապահովել այդ պայմանները։ Մյուս տարբերակն այն է, որ այս ուսուցիչները կարող են ընտրել ուղղակի աշխատանքի չներկայանալը, որի դեպքում, «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով՝ կներգրավվեն փոխարինող ուսուցիչներ։
Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն ասում է, որ շուտով կհրապարակեն ուսումնական և թեմատիկ պլանների արդեն կազմված օրինակներ, քանի որ հնարավոր է դպրոցներն ունենան այս մասով դժվարություններ։
Հիշեցնենք, որ առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մյուսները՝ 15-ից, ուսումնական գործընթացը լինելու է վեցօրյա։