Եվրոպայի լիգա. 8 երկրներ հրաժեշտ տվեցին եվրագավաթներին, այդ թվում՝ Հայաստանը
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլը: Փլեյ-օֆֆում կայացած խաղերից հետո եվրոպական գավաթների մրցաշարերից մասնակցելու իրավունքից զրկվեցին ևս 8 երկրների ներկայացուցիչները: Դրանք են Հայաստանը, Ալբանիան, Բելառուսը, Բոսնիան և Հերցեգովինան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆարերները և Շվեդիան:
Մասնավորապես՝ շվեդական «Մալմյոն» սեփական դաշտում ոչինչ չկարողացավ հակադրել իսպանական «Գրանադային»՝ 1:3: Բելառուսի չեմպիոն Բրեստի «Դինամոն» իր հարկի տակ պարտվեց բուլղարական «Լյուդոգորեցին»: Բոսնիական «Սարաևոն» սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջեց շոտլանդական «Սելթիկին»: Սեփական դաշտի պատերը չօգնեցին նաև լեհական «Լեգիային», նորվեգական «Ռուսենբորգին», բելգիական «Շառլերուային», շվեյցարական «Բազելին», պորտուգալական «Ռիու Ավեին» ու «Սպորտինգին», դանիական «Կոպենհագենին»:
Այս փուլում ամենամեծ անակնկալը գրանցվեց Աթենքում, որտեղ տեղի ԱԵԿ-ը վերջին րոպեում խփած գոլի հաշվին կամային հաղթանակ տարավ գերմանական «Վոլֆսբուրգի» նկատմամբ՝ 2:1: Անակնկալների թվին կարելի է դասել նաև շոտլանդական «Ռեյնջերսի» հաղթանակը թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ՝ 2:1:
Թոփ-5 երկրների մյուս ներկայացուցիչները հաջողությամբ հաղթահարեցին վերջին արգելքը: Վերևում նշված «Գրանադայից» բացի խմբային փուլ մտան նաև անգլիական «Տոտենհեմը», որը սեփական դաշտում պարզապես «ոչնչացրեց» Հայֆայի «Մաքաբիին»՝ 7:2, և իտալական «Միլանը», որը 11մ հարվածաշարում միայն կոտրեց «Ռիու Ավեի» դիմադրությունը՝ 1:1, 11մ՝ 9:8:
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում հանդիպեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ և պարտվեց 1:2 հաշվով:
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում պայքարը կշարունակեն 48 ակումբներ, որոնք վիճակահանությամբ կբաժանվեն 12 խմբերի: