Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկուղում կարելի է լողալ

Մարզեր

Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակի 1-ին ՙգ՚ շենքի բնակիչներն իրենց նկուղը համեմատում են լողավազանի հետ: Շենքի նկուղն ու հիմքը ջրի մեջ են: Բնակիչներն ահազանգել են եւ ջրմուղ, եւ համատիրություն, առայժմ ապարդյուն:

Ու մինչ ջրմուղն ու համատիրությունը նկուղի խնդիրը իրար վրա են բարդել՝ այդ ընթացքում պարզվում է այստեղ կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ են բազմացել, պարբերաբար էլ հյուր են գնում տնից տուն:

«Պատերի խոնավությունից մեր բնակարաններում հազար տեսակ միջատներ են բազմացել, որոնց դեմ պայքարելն անհնար է դարձել», - բողոքում են շենքի բնակիչները:

Նրանք բազմիցս գումար են հավաքել ու փորձել ինքնուրույն լուծել ջրառատ նկուղի խնդիրը, սակայն ապարդյուն. խողովակներց ջրի արտահոսքը շարունակական է: Հարեւանները հավաստում են, որ իրենց երեխաները խոնավության պատճառով ձեռք են բերել ռեւմատիզմ եւ այլ հիվանդություններ:

Նրանք դժգոհում են ստեղծված իրավիճակից. չէ՞ որ համատիրությանը պարտաճանաչորեն վարձավճարներ են մուծում՝ այս տեսակ խնդիրները հարթելու համար, իսկ արդյունքում համատիրության ներկայացուցիչներն ընդամենը մեկ անգամ են ներկայացել ու անվերադարձ հեռացել:
Ու այսօր էլ՝ աշխատանքային օր, աշխատանքային էլ ժամի համատիրության պատասխանատուների հետ զրուցելն անհնար էր մի պարզ պատճառով՝ հաստատության դռները կողպված էին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ