«Թատրոնն ատամի մածուկի է նման» (տեսանյութ)
Ապրիլի 11-ին Մոսկվայում «Ոսկե դիմակ» հայտնի փառատոնի շրջանակներում անցկացվող «Դիմակ պլյուս»-ում, նորամուծությունների ու նոր գեղագիտական ներկայացումների ծրագրում, Հայաստանն այս տարի էլ կներկայացնի Տիկնիկային թատրոնը` այս անգամ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» բեմադրությամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի փառատոնին ներկայացվեց Զառա Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»:
Տիկնիկային թատրոնը միայն փոքրիկ հանդիսատեսի համար չի: Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ, սա թյուր կարծիք է ու կարծրատիպ:
Աշխարհում` ինչպես բալետն, օպերան ու մնջախաղը, տիկնիկային թատրոններն էլ ներկայացումներ են բեմադրում և փոքրերի, և մեծերի համար: Իրենք էլ ներկայացումներ ունեն տարիքային տարբեր հասակների, բայց ոչ «ամեն ճաշակի» :
Թատրոնի համար կարևոր խնդիրը է կապը հասարակության հետ: Ստեղծագործ-կատարողները չեն կարող վակուումի մեջ արարել: Ինչպես երաժիշտ-կատարողը, այնպես էլ դերասանն ու ռեժիսորը չեն կարող աշխատել ապագայի համար: Գործը ստեղծվում ու մեռնում է ներկայում:
Ռուբեն Բաբայանի ալեգորիկ համեմատությամբ` մշակույթն ու թատրոնը մասնավորապես` ատամի մածուկ է, իսկ ատամները` հասարակությունը, ատամի մածուկ չօգտագործող հասարակությունը պետք է չզարմանա կարիեսի առկայությունից:
Թատրոնն ապրում է ակտիվ թատերական կյանքով: Այս թատերաշրջանում արդեն ներկայացրել են երկու պրեմիերա մեծահասակների համար` Զարուհի Անտոնյանի «Թևավորը», ըստ Գարսիա Մարկեսի և ռեժիսոր Դավիթ Բարխուդարյանի` «Հոգու կանչը» պոետիկ ներկայացումը: Սպասվում են նոր ներկայացումներ : Նաև կվերականգնեն հին խաղացանկի սիրված ներկայացումները` «Թզուկի երգը», «Շունն ու կատուն»: Կմասնակցեն «Հայֆեստին» ու իրենց հարկի տակ կհյուրընկալեն տարբեր փառատոններ:
Մայիսին թատերախումբը մեկնելու է Սերբիա: Սուբոտիցայի փառատոնին կներկայացնեն Զառա Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»: Նախնական պայմանավորվածությամբ կմասնակցեն Սոչիում «Կուլտ պրոեկտ» փառատոնին, սակայն դեռ պարզ չի, թե առաջարկած երեք ներկայացումներից որը կհաստատի հանձնաժողովը:
Թատրոնի համար խնդիր է պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման հարցը: Ներկայացման վրա աշխատում են ոչ միայն դերասանը, ռեժիսորը, նկարիչն ու հնչյունային ռեժիսորը, այլև տիկնիկագործը, բեմի ինժեները, մեխանիզատորը: Կան էքսլյուզիվ մասնագիտություններ, որոնք Հայաստանում որևէ ուսումնական հաստատություն չի պատրաստում:
Առաջ կար Խորհրդային միություն և թատրոնի ապագա մասնագետները սովորում էին Մոսկվայում ու Լենինգրադում: Այսօր ֆինանսկան առումով սա թանկ հաճույք է:
Այս թատրոնը բաց է նոր գեղագիտական մոտեցումներով շնորհալի երիտասարդների համար:
Եթե այսօր հնարավորություն չտրվի այս երիտասարդներին, վաղը ապագա չենք ունենա,-ասում է Ռուբեն Բաբայանն ու մեջբերում լեհ ռեժիսոր Միկոլայ Գրաբովսկու խոսքերը: «Ում են պետք այն աշակերտները, որոնք չեն մերժում իրենց ուսուցչին»: