Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետդեպ
A A
Քաղաքականություն

Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

Իր խոսքում, Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»:

«Արձանագրում ենք նաև Բաքվից հնչող կեղծ լուրերի աճ: Նրանք՝ [Ադրբեջանը] հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակն է, որ ցանկանում և փորձում է խուսափել դրանից: Այդ ամբողջ քարոզչության մեջ կարող եմ տեսնել բազմաթիվ ընդհանուր տարրեր, եթե զուգահեռներ տանենք, թե ինչ է Ռուսաստանը պարտադրում Ուկրաինային»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովից վեց ամիս առաջ անհրաժեշտ է «ծայրահեղ ուշադրություն դարձնել» վերոնշյալին:

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի այս հայտարարությունը քննադատել է Իտալիան: Իտալական Giornale Diplomatico պարբերականի հաղորդմամբ, այդ երկրի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարն այժմ ամուր է՝ երկու երկրների պատասխանատվության շնորհիվ։ Սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի, այլ ինստիտուտների ներկայացուցիչների ցանկացած անպատասխանատու հայտարարություն սպառնում է նոր լարվածությամբ: ...ԱՄՆ պետքարտուղարի հետ Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարի համատեղ ասուլիսին հնչած հայտարարությունները, անշուշտ, չեն նպաստում իրավիճակի հանդարտեցմանը։ Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղության»,- ասել է իտալացի դիվանագետը:

Բնականաբար, Բաքուն ևս քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ կոչ անելով Փարիզին օրինակ վերցնել Հռոմի «հավասարակշռված» մոտեցումներից:

Իր հերթին՝ Երևանը հայտարարել է, որ «Ֆրանսիայի արտգործնախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է. «Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատի համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում»:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, ուր ապրիլի 5-ին նախատեսվում է Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»:

Նախքան Բլինքենի այցը Ֆրանսիա, ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել էր մի տեղեկատու՝ ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ու համագործակցության եզրերի մասին, ուր մասնավորապես նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքներին մեր համատեղ հանձնառության վրա, որոնք էական նշանակություն ունեն փոխադարձ անվտանգության, կայունության և բարգավաճման համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են ողջ աշխարհում, ներառյալ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Լատինական Ամերիկայում: Մենք համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում և զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կասեցնելու ուղղությամբ»:

Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»: