«Հայոց պատմության» դասագրքի մեջ գրված «բռնակցվել» տերմինը կվերանայվի. ԿԳՄՍՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը «բռնակցել» տերմինով ներկայացնելու ձևակերպումը կենթարկվի վերանայման և կվերաթողարկվի արդեն փոփոխված տարբերակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր ստեղծված տարբերակի հետ կապված անհանգստություններին ու մտահոգություններին, որոնք վերաբերում են թեմաներից մեկում «բռնակցում» բառն օգտագործելուն։
«Մենք ստացել ենք այդ անհանգստություններն ու մտահոգություններն արտահայտող ահազանգեր, ինչից հետո հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականացվել, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը, և հեղինակային խումբն այդ ենթավերնագրի ձևակերպումը վերանայել է և համապատասխանեցրել է այն ձևակերպումներին, որն ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ այս պահին դասագրքի արդեն խմբագրված տարբերակն ուղարկվել է դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը գրքի փոխված տարբերակը կտեղադրի կայքում և այդ նոր փոփոխված տարբերակը կուղարկվի տպագրության։
Դիտարկմանը, թե արդյոք այդ հաստատված տարբերակը հանդիսացե՞լ է հանձնաժողովի վրիպումը՝ նա պատասխանեց, որ դա ոչ այնքան վրիպում է եղել, որքան, գուցե, այն հանգամանքը, որ հարցն այդ համատեքստում չի դիտարկվել։
«Մենք շատ կարևոր կարգավորում ունենք և դա այն է, որ դասագիրքը երաշխավորելուց հետո պարտադիր կերպով այն տեղադրվում է կա′մ նախարարության պաշարների շտեմարանում, կա′մ դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում, և երկու շաբաթ ժամանակ է տրվում, որպեսզի դասագիրքն օգտագործողները, ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դրանց։ Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, ապա դրանք նույնպես վերանայել մինչև տպագրության գնալը»,-ընդգծեց Թամարա Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ կողմից են եղել թեմայի շուրջ բողոքները՝ նա պատասխանեց, որ բողոքները եղել են գրավոր տեսքով և ստացվել են լրատվամիջոցներից՝ մասնավորապես «Սպուտնիկ» գործակալությունից։
Նա հավելեց, որ բողոքարկումները հիմնականում կապված են եղել ոչ թե թեմայի բովանդակության, այլ ավելի շատ վերնագրի ձևակերպման վերաբերյալ։
«Բովանդակության մեջ հաջորդաբար ներկայացված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում, խնդիրը եղել է վերնագրի ձևակերպման շուրջ»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է եղել «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» ձևակերպմամբ։
Թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դասագրքում խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ իր հերթին հայտարարել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն առայժմ պատասխանատու գերատեսչությունների հետ չի քննարկել 8-րդ դասարանի պատմության դասագրքի հարցը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1197802