Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 21-ը սեպտեմբերի․ Զորահանդեսին կողք կողքի կանգնած են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սիրադեղյանը եւ Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվում էր Անկախության հանրաքվե։ Խորհրդային Հայաստանի քաղաքացիներն այս օրը «Այո» կամ «Ոչ» են ասում միակ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն»։Գերագույն Խորհրդի նախագահը այս անձրեւոտ օրը համարում է զգացմունքային։

1996-ի այս օրը Հանրապետության հրապարակում առաջին անգամ Անկախության օրվան նվիրված զինվորական շքերթ է։ Շքերթի զորահրամանատարը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է։ Զորահանդեսին կողք կողքի կանգնած են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վանո Սիրադեղյանը եւ Սերժ Սարգսյանը։ Այստեղ է նաեւ Շառլ Ազնավուրը։

Անկախության օրվա խորհրդանիշներին է միանում նաեւ Եռաբլուրը։ 1998-ի այս օրը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը շփվում է զոհված ազատամարտիկների հարազատների հետ եւ ապրողի դիրքերից մխիթարել նրանց:

Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ 500 հոգու շնորհում է տարբեր կոչումներ ու մեդալներ։ Բաղրամյան 26-ում նա 36-ին անձամբ է հանձնում իրենց պարգեւները, նրանց մեջ է Վլադիմիր Գասպարյանը։ Ծափահարողներից են Վազգեն Սարգսյանն ու Սամվել Բաբայանը։

Նույն օրը Հայաստանի Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանը խոսում է, թե ինչու որոշեցին վերացնել «Լրաբերը» եւ վերականգնել «Հայլուր» լրատվական թողարկումը։ 75 հազար դոլար վարկ վերցնելով Նաղդալյանը վերազինել է լրատվական ծառայությունը, որի թողարկումներում անձեռնմխելի է միայն Ռոբերտ Քոչարյանը:

1999-ի այս օրը նույնպես Վազգեն Սարգսյանը Եռաբլուրում է։ Նրա հետ է Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Վարչապետի տրամադրությունը կարծես թե բարձր չէ, ռուս լրագրողը դրանում կհամոզվի. «Կներեք, ես այսօր հարցազրույց չեմ տալիս, ես արդեն մեկին մերժել եմ»։

Անկախության 8-րդ տարվա զորահանդեսում վարչապետն այլ տրամադրություն ունի՝ նա ուրախ է։ 35 միլիոն դրամ է նրա ղեկավարած կառավարությունը ծախսել այս շքերթի համար։ Բայց հուզվել դեռ կարող է իրեն թույլ տալ Վազգեն Սարգսյանը:

Բաղրամյան 26-ում նույն օրը նույն առիթով Ռոբերտ Քոչարյանը բաժանում է հերթական մեդալները։ Շնորհակալական խոսքերն ուղղվում են վարչապետ Վազգեն Սարգսյանին։

2000-ի սեպտեմբերի 21-ին սպասվում էր բուժաշխատողների գործադուլ։ Վերջին անգամ նրանք աշխատավարձ են ստացել նախորդ տարվա հոկտեմբերին։ Սակայն նույնիսկ բողոքի ցույց չկայացավ:

2000 թվականի այս օրը հանրապետության իշխանությունը Անկախության տոնի առիթով Եռաբլուրում է առանց Վազգեն Սարգսյանի։ Նա սպանվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին եւ հուղարկավորվել այստեղ:

Նույն օրը կառավարության դիմաց բողոքի ցույցի են ելել անհայտ կորած ազատամարտիկների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատասխանի, թե ու՞ր են կորել «Արաբո» ջոկատի 78 զինվորները 1992-ի հունիսի 29-ին:

2000 թվականի այս օրը Անկախության ճոխ ընդունելության սրահում ամբողջ քաղաքական էլիտան է՝ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիվ մեկ ընդդիմադիր հակառակորդ Արամ Սարգսյանը։ Այս օրը անկախության մասին դատում է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը:

2001-ի սեպտեմբերի 21-ին Մոսկվա կինոթատրոնի հրապարակն անվանակոչվում է Շառլ Ազնավուրի անունով ։ Մաեստրոն անձամբ է տեսնում հավաքվածների ուրախությունն այդ առիթով։ «Ներքին մղումով ենք ընտրել այս տարածքը»,-ասում է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։

Նույն օրը մարզահամերգային համալիրում Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր էլիտան նշում է անկախության 10-ամյակը։ Մինչ Ռոբերտ Քոչարյանը եւ կաթողիկոս Գարեգին Երկրորդը խոսում են անկախության մասին որպես իրականացած երազանքի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը հազիվ է զսպում քունը։

Ընդունելություն է նաեւ ՀՀՇ-ում ։ Հայաստանը անկախություն նվաճեց կուսակցություն դարձած այս շարժման օրոք։ ՀՀՇ է այցելում Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այստեղ նրա կողքին են միանգամից երկու նախկին վարչապետ՝ Հրանտ Բագրատյանը եւ Արամ Սարգսյանը։ Մութ ու ցուրտ տարիներ հաղթահարած այս կուսակցության գրասենյակում այնքան էլ լուսավոր չէ:

2007-ի այս օրը իրացման գոտու բնակիչները Բաղրամյան 26-ի մոտ պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս գա եւ լսի իրենց բողոքները։ Տարածքը հսկող ոստիկանները հիասթափեցնում են նրանց՝ ինչքան էլ գոռաք, Քոչարյանը դուրս չի գա։