Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տնտեսավարողներին կառաջարկվի կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ կապված հանձնարարվել էր դիտարկել՝ բնակավայրի կարկտից տուժած մարդկանց (տնտեսություններին) աջակցելու, ինչպես նաև կարկտի առավել ակտիվ գոտիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիր իրականացնելու հարցերը:

 

Այսպիսով՝ պետական աջակցության միջոցով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ կառաջադրվի։ Ծրագրի շրջանակում տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է՝ կարկտապաշտպան ցանցի ներդրման համար, բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից փոքր գյուղացիական տնտեսությունների համար կիրառել նաև ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը և կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող, որոշման մեջ ներառված թվով 270 բնակավայրերի 0.5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով սահմանված ծախսի առավելագույն սահմանաչափի (12,1 մլն դրամ) 75 %-ը։ Փոխհատուցման գումարը կտրամադրվի կապալառուին։ Աջակցության

չափը սահմանվել է՝ ելնելով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի փոքր տնտեսություններին բնակլիմայական աղետից վնասների մեղման համար տարբերակված աջակցություն ցուցաբերելու մոտեցումից: Միաժամանակ, ոռոգման արդիական համակարգի և կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքերում ծրագրում հստակեցվել են անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) և հետներդրումային շահագործման համար սահմանված ժամկետները, շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կապալառու կազմակերպության միջոցով կատարվող աշխատանքներն ու շահառուի և կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամկետները: Տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի երկարաժամկետ և բարեխիղճ շահագործման նպատակով, առաջարկվում է չօտարել կարկտապաշտպան ցանցի հողատարածքը (այգին) կամ կարկտապաշտպան համակարգը և ապահովել կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային 5 տարիների ընթացքում։

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը գումար՝ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում համայնքին փոխանցվող ֆինանսական միջոցների ապահովման համար: Ծրագրի շրջանակում թվով 91 շահառուների հետ կնքվել է պայմանագիր՝ 6.945 հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով։

 

Պետական աջակցության գործիքակազմ ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար

 

Կառավարության հավանությանն է արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության գործունեության առաջնայնություններից է: Այն տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և միևնույն ժամանակ՝ ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը, որը նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և ՀՀ՝ որպես առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի բարձրացմանը:

 

Նախագծերով առաջարկվում է սահմանել հարկային արտոնությունների և բյուջետային աջակցության մի շարք ուղղություններ: Հարկային արտոնությունների մասով նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ վերաիմաստավորել և վերանայել բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն իրականացվող տնտեսավարող սուբյեկտների համար գործող օրենսդրությամբ նախատեսված՝ հարկային արտոնությունների շրջանակը, ընդլայնել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (գիտահետազոտական՝ R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակը:

Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը: Առաջարկվում է նաև հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:

 

Օրինագծերով առաջարկվում է սահմանել՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը:

 

Բյուջետային աջակցության մասով նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՏՏ ոլորտում ընդգրկված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է՝ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող՝ աշխատանքային միգրանտների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, ներգրավված նոր վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը, և եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 և ավելի է, կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված ծախսերի (մինչև 31 աշխատող ունեցող սուբյեկտների դեպքում նաև այդ նպատակով կատարված գործուղման ծախսերի) փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը և եկամտային հարկի գումարի 25%-ի չափով աջակցություն, եթե աշխատողների թիվը 31 և ավելի է։

 

Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցությունները տրամադրվում են հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2032 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը աջակցությունից օգտվելը սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ

օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում։

 

Կսահմանվեն համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին հասանելիության արգելափակման դեպքերը

 

Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը:

 

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սրանով գործարկվում է օրենսդրությամբ սահմանված համակարգը, որով կսահմանափակվեն ռիսկեր պարունակող կայքերի հասանելիությունը: Ըստ նախարարի՝ հրապարակվելու է նաև բանկային դրամապանակների ցանկը, որոնք արգելափակվելու են, և բանկերի կողմից սահմանափակվելու է այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը: «Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որոնք մենք սահմանել ենք՝ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից: Կարծում ենք, որ սրանով կկառավարվեն այդ ռիսկերը: Պետք է սահմանափակվեն օտարերկրյա պետություններում գործող այդպիսի կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից: Այս առումով կարգն ուղղակի գործակելու է այդ համակարգը: Կարծում ենք՝ սրանով այս դաշտը կբերենք ավելի հասկանալի և տրամաբանական կարգավորման»,-ասել է նախարարը:

 

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ լինելու է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինելու տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն արձանագրելու է այն կայքերը, որոնք Հայաստանի ինտերնետային տիրույթում հասանելի են և կարող են ռիսկեր առաջացնել: Միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նշված կայքերը նույնականացնող հասցեները կտրամադրվի օպերատորներին՝ դրանք արգելափակելու համար: «Սա, իհարկե, կարգավորման տեսանկյունից շատ հասկանալի և ընդունելի մեխանիզմ է, բայց շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեկ օրում և միանգամից ամեն ինչ չէ, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել: Պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն: Մենք գիտենք, որ նման կարգավորումները հատկապես՝ ինտերնետային տիրույթին վերաբերող, չնայած բոլոր սահմանափակումներին, առաջ է բերում նաև դրանք շրջանցելու հակում, ձգտում: Մենք պետք է այնքան արդյունավետ և արձագանքող ձևով բոլոր նման երևույթներին հետևենք, որ մեր վերահսկողությունն իրոք արդյունավետ լինի: Երբ միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվի և գործի, անհրաժեշտ է պարբերաբար հետևել նաև կայացված որոշումներին և դրանց իրականացման արդյունքներին, որ նաև այս որոշումը նպատակին ծառայի»,- ընդգծել է փոխվարչապետը:

 

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում՝ 23 անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության՝ 300 հազար դրամի, վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր:

 

Կկանոնակարգվեն դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերը՝ անօրինական միգրացիան կանխարգելու նպատակով

 

Գործադիրն ընդունել է որոշում՝ դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգեր Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։ Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս (վերադարձով), մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում, որպես գնահատման չափանիշ, կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։ Արդյունքում՝ կխստացվի ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը այդ երկրների քաղաքացիների համար և թույլ կտա վերահսկելի դարձնել միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։ Հիմնավորման համաձայն՝ վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: Որոշակի աճ է արձանագրվել նաև Եգիպտոսի քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց են նաև Իրաքի քաղաքացիների մուտքերի ծավալները, չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել, սակայն աճել է այս երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող ապաստանի հայցերի թիվը։

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Կառավարությունը բավարարվել է «ՋԼ տոբակո» և «Գեպոտանիք» ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

 

«ՋԼ տոբակո» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել թութունի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 12.8 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232.8 մլն դրամ:

 

«Գեպոտանիք» ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել տանիքի ծածկերի, տանիքի համալրող մասերի, սենդվիչ պանելների և այլ արտադրատեսակների արտադրության համար՝ իրականացնելով 5 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 672 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ մինչև 56-ի 1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 266.7 մլն դրամ։

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: Դիվանագետի՝ յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների շարքում նախատեսելով նաև դիվանագիտական ծառայությունը: Նախագծի ընդունման արդյունքում արտաքին գործերի նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան:

 

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» և «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին օրենքներով: Այդ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ընթացակարգային անհստակությունների: Նշված խնդրի լուծման նպատակով նախագծերով նախատեսվում է քննչական մարմինների

ղեկավարների և նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ:

 

Այլ որոշումներ. Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

 

Գործադիրի որոշմամբ ՀՀ-ն կընդունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրում գտնվող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունման արդյունքում՝ Ակներ գյուղում կկառուցվի կրթահամալիր:

 

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշումներ՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում գտնվող շենքը հետ կվերցվի Պետական գույքի կառավարման կոմիտեից և կամրացվի Էկոպարեկային ծառայությանը։