Ֆանտաստիկ երաժշտություն` Ստրադիվարիուսի գործիքներով (տեսանյութ)
«Ամեն գործիք իր հոգին ունի ու երբ մենք չորսս միասին հնչեցնում ենք մեր գործիքները, ինչ-որ ֆանտաստիկ բան է տեղի ունենում Սա մի հրաշք է».-ասաց Տոկիոյի լարային քառյակի առաջին ջութակահար Մարթին Բիվերը այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Երաժիշտները նվագում են Պագանինի քառյակ անունը կրող Ստրադիվարիուսի գործիքներով, որն իր ժամանակին գնել ու նվագում էր ինքը Նիկոլո Պագանինին։ Գործիքները քառյակի համար վարձակալում է ճապոնական երաժշտական հիմնադրամը։
42 տարի առաջ Ջուլիարդ երաժշտանոցում հիմնադրված այս քառյակն իր ծագումով կապվում է Տոկիոյի Տոհո երաժշտական դպրոցի հետ։
15 տարի քառյակի առաջին ջութակն է եղել կանադացի երաժիշտ, ծագումով հայ Փիթեր Ունջյանը, ով այսօր ղեկավարում է Տորոնտոյի ֆիլհարմոնիկը։
Աշխարհի լավագույն կամերային խումբ տիտղոսակիր Տոկիո քառյակը, կբացի Երևանյան հեռանկարների 13-րդ համերգաշրջանը։
Սա նրանց երկրորդ այցն է Հայաստան։
«Մենք երջանիկ ենք կրկին այցելել Արամ Խաչատրյանի երկիր և մեկ անգամ ևս հանդիպել ջերմ ունկնդրի հետ»,-միաբերան ասացին քառյակի երաժիշտները։