Վերին Կարմիրաղբյուրում հեքիաթի գրքեր էլ չկան
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի փոքրիկները զրկված են հեքիաթներից: Գյուղի միակ գրադարանի շենքային վատ պայմանների հետևանքով գրադարանի գրքերի մեծ մասը փտել է: «Դե գոնե հեքիաթներ լինեն, ախր ընդհանրապես չկա, ու ես երեխեքն ու ջահելներն անելու բան չունեն, անգամ գրքով չեն կարողանում ժամանակ անցկացնել»,- ասաց գրադարանավարուհի Անուշիկ Ղավալյանը: Գրադարանի այցեքարտերը փորփրելով՝ տարիների փորձ ունեցող գրադարանավարուհին պատմում է, որ կարմիրաղբյուրցիները կարդալ սիրում են. «Մերոնք կարդացող ժողովուրդ են, մեր գրադարանը այցելուների պակաս երբեք էլ չի զգացել, հիմա էլ չի զգում, բայց այսօր այլևս առաջարկելու գիրք չկա, գրքերի մեծ մասը սովետմիության ժամանակվանից են, էջերի մեծ մասը չկան»: Շենքը գտնվում է վթարային վիճակում, խոնավությունից պոկվում են անգամ շենքի պատերը. «Դպրոցականների ծրագրային գրքերն էլ չկան: Դասատուն հանձնարարում է կարդալ, բայց ո՞նց կարդան, կամ մի օրինակ է լինում գրքից, կամ էլ ընդհանրապես չի լինում»,- հավելեց Անուշիկ Ղավալյանը: Գյուղապետ Կամո Չովաբանյանին նույնպես անհանգստացնում է այս խնդիրը. «Գիտեմ՝ ինչ վիճակ է, իմ երեխաներն էլ են դպրոցական, սակայն այս պահին այլ առաջնային հարցեր կան. մանկապարտեզ ենք կառուցում՝ երեխաների համար, հետո մշակույթի տուն ենք փորձելու վերանորոգել, հետո էլ մի բան գրադարանի համար կմտածենք»: Քանի որ Վերին Կարմիրաղբյուրը մայրաքաղաք Երևանից բավականին հեռու է, լրագրողներ այստեղ քիչ են պատահում, և գյուղապետն առիթից օգտվելով հայտնեց իր մտահոգությունը. «Ես մի բան չեմ հասկանում, թե ինչու պետք դպրոցականները վճարեն դասագրքերի համար, երեխաներ կան, որոնք վատ սոցիալական պայմաներում են ապրում, ի վիճակի չեն վճարել, ի՞նչ, չսովորե՞ն »։