Նաիրիտցիները կգնան կտրուկ քայլերի (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատանքից ազատված նախկին աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի դիմաց էին։ Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են հետամուտ լինել՝ «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու հարցում։ Այդպիսի պահանջով նամակ-գրություն նրանք ուղարկել են նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ինչով սակայն չեն բավարարվում։ «Մենք ուզում ենք պատասխան ստանալ նախագահական նստավայրից։ Ուզում ենք՝ նախագահի անձնակազմն անմիջական զբաղվի մեր խնդիրներով։ Մենք պահանջում ենք Նաիրիտի վերագործարկում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նաիրիտցիները հայտարարեցին՝ նախարարության պատասխանից հետո իրենք կորոշեն հետագա քայլերի մասին՝ ինչպես հասնել պահանջի կատարմանը։ «Դրանք կարող են լինել ճանապարհ փակել, կարող է լինի նստացույց, տարիների ընթացքում պահանջի կատարման չհասած մեր ժողովուրդը տարբեր քայլերի կգնա»,- հայտարարեցին նրանք։ Նարիրիտցիները նաև կոչ արեցին աշխատանքից ազատված իրենց մյուս գործընկերներին միանալ բողոքի գործողություններին։ Հաջորդ հինգշաբթի ևս նրանք կլինեն Բաղրամյան 26-ի մատույցներում։