Համագյուղացիները մեկ օրով վերածվել են հակառակորդների
Սահմանամերձ Կողբ գյուղի թիվ 1 դպրոցի սաներն իրենց վաճառած իրերից ստացված հասույթը պատրաստվում են տրամադրել բարեգործության: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության իրականացրած «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի ընթացքում շուրջ մեկ ամիս դպրոցի աշակերտները ուսումնասիրել են շուկան, սովորել են գրել բիզնես պլան, մշակել արտադրության փուլերը, իսկ այսօր մայրաքաղաքում ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները.
«Մեր պատրաստած իրերով ուզում ենք ավելի շատ վերականգնել մեր հայկական խորհրդանիշները, քանի որ հիմա իրեր են պատրաստում ավելի շատ կաշվից և ոչ տարազից»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նոնա Ջիլավյանը:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են Երևանի և մարզերի 40 դպրոցների աշակերտական ընկերություններ, բայց Նոնայի խոսքով՝ իրենք մյուս դպրոցների մեջ մրցակիցներ չունեն. «Ոչ մի մրցակցություն չկա, ճիշտ է՝ մրցակցություն պետք է լինի, որ ինչ-որ բանի հասնես, բայց մենք առանց մրցակցության, հաշտ-համերաշխ, միասին աշխատում ենք»,- ասաց Նոնան:
Ի տարբերություն իրենց համագյուղացիների՝ Կողբի թիվ 2 դպրոցի աշակերտները մայրաքաղաք էին եկել մարտական տրամադրվածությամբ: Տոնավաճառի մեկնարկից րոպեներ անց կարողացան առաջինը վաճառել իրենց պատրաստած իրերից մեկը.
«Մրցակցություն կա, ինձ թվում է՝ բոլոր խմբերի միջև կա մրցակցություն, որովհետև ունենք տարբեր ապրանքանիշեր, կան նաև ապրանքանիշեր, որոնք նման են իրար, դրա համար մրցակցություն միշտ էլ կա, բայց, եթե գա փոխզիջման պահը, մենք հաստատ պատրաստ ենք իրենց զիջել»,- ասաց Կողբի թիվ 2 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աբովյանը:
Սահմանամերձ գյուղի դպրոցի սաներն իրենց շահույթը տրամադրելու են դպրոցի տարածքի բարելավմանը:
«Եթե գումար մնա կբարեկարգենք նաև դպրոցի հարակից տարածքը, քանի որ մեր դպրոցը գտնվում է միջպետական ճանապարհի վրա ու այդտեղ էլ կարող ենք բարեկարգումներ անել, եթե, իհարկե, գումարը հերիքի»,- ասում են աշակերտները:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանի խոսքով՝ ծրագիրը կրում է կրթական բնույթ, քանի որ այն աշակերտներին տալիս է ժամանակակից գործարարի մտածելակերպ ու հմտություններ:
«Բացի շահույթից, ժամանակակից բիզնեսմենը պետք է մտածի նաև ինչ-որ հանրային խնդիր լուծելու մասին, աշակերտները իրենց ստացած շահույթի մի մասը պետք է հատկացնեն իրենց համայնքներում որևէ հանրային հիմնախնդրի լուծմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Մանուկյանը:
Արդեն 10-րդ տարին իրականացվող ծրագրին մասնակցում են Երևանի և մարզերի 150 դպրոցների Աշակերտական գործարար ընկերություններ, բայց մայրաքաղաքում իրենց արտադրանքները ներկայացնելու հնարավորություն են ստացել միայն 40-ը: Տոնավաճառին չներկայացած դպրոցներն իրենց արտադրանքները կներկայացնեն սեփական համայնքներում կազմակերպած միջոցառումների ընթացքում: