«Կտոր մը երկինք»-ը նոր շունչ է հաղորդում ժողովրդական երգերին (տեսանյութ)
Արև և Աստղիկ Մախսուդյանները, կիթառի և ջութակի նվագակցությամբ, նոր շունչ են հաղորդում հայկական-ժողովրդական այն երգերին, որոնք ժամանակի ընթացքում մոռացվում են։ Հարազատ քույրերին, իրենց խմբի անվան ընտրությունը կայացնելիս, օգնել է հայտնի հայկական ֆիլմը։ «Կտոր մը երկինք» հայկական ֆիլմը շատ սիրում ենք, մեր երգերն էլ ամեն մեկը մի կտոր երկինք կարծես լինեն, այդ պատճառով որոշեցինք «Կտոր մը երկինք անվանվել»,- «Ա1+»-ի հեզ զրույցում նշեց Արև Մախսուդյանը։ Արևն ավարտել է դաշնամուրի բաժինը, և կիթառ նվագելու գործում ինքնուս է, իսկ Աստղիկը երաժշտական դպրոցում ստացել է ջութակի կրթություն։ Մախսուդյան քույրերին խումբ ձևավորելու գործում հանդիպած միակ դժվարությունը գործիքների համաձայնության խնդիրն է եղել։ «Խումբ ձևավորելուց միակ մտավախությունն այն էր, որ գուցե չստացվի ջութակի ու կիթառի համադրությունը, քանի որ մեր երաժշտական դպրոցներում հիմնականում դասական հիմքի վրա ենք սովորում գործիքները ու նորություն մեզ համար այդ էր, որ պետք է համադրենք ջութակն ու կիթառը»,- ասաց Աստղիկ Մախսուդյանը։ Մախսուդյան քույրերը հանդիսատեսին համերգով արդեն ներկայացել են Նարեկացի արվեստի միությունում, իսկ հաջորդ համերգային ելույթները նախատեսում են արդեն հաջորդ տարի։ Մանրամասները՝ տեսանյութում