Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեսլանի ավտովթարից տուժած վերջին հայը տեղափոխվել է Հայաստան

Հասարակություն
824279

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած մեր համաքաղաքացին երեկ տեղափոխվել է Հայաստան։ Բազմակի վնասվածքներ ստացած Լոռու մարզի 26-ամյա բնակչի վիճակը գտնահատվել էր ծանր։ Երիտասարդն անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել էր նախ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական, ապա Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում։ Մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Արդյունքում, բժիշկները տուժածի տեղափոխումը հնարավոր են համարել։ Նշենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան մեր հայրենակցին դիմավորել է Լարսում։ Այժմ կենտրոնի բժիշկները հետազոտություններ են իրականացնում տուժածի հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով։ Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացի տեղում` ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում բուժումը շարունակած Հայաստանի 4 քաղաքացիներից 3-ն ավելի վաղ էին տեղափոխվել հայրենիք։