Ինչպե՞ս ճիշտ երաժշտության օգնությամբ սովորեցնել երեխային նկարել. բացառիկ նախագիծ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՋրաներկը կտավի վրա հայտնվում է կենդանի երաժշտության ներքո։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նվագում են, իսկ «Երազանք» մանուկների ակադեմիայի փոքրիկները՝ նկարում։ Սա երեխաների համար հանգստացնող ու զարգացնող նշանակություն ունի, վստահեցնում է ակադեմիայի հիմնադիրը։ Բացի այդ՝ մանկուց պետք է սովորեցնել լսել ճիշտ ու որակյալ երաժշտություն։ Երկու հաստատությունների միջև համագործակցությունը սկսվել է ամիսներ առաջ։
«Մենք երեխաների մոտ տեսնում ենք մեծ զարգացման փոփոխություն, աշխատանքի արդյունքի բարձրացում, մենք շատ գոհ ենք մեր համագործակցությունից։ Կենտրոնը իր նախաձեռնությամբ առաջինն է Հայաստանում, ցանկանում եմ, որ շատ տեղերում տարածում ունենան, և շատ կենտրոնների փոքրիկներ վայելեն այն ամենը, ինչ որ արվում է այստեղ»,- ասում է «Երազանք» մանուկների ակադեմիայի հիմնադիր Անուշ Հայրապետյանը:
«Մեր գերնպատակն է երեխաներին ներկայացնել դասական երաժշտություն՝ Կոմիտաս, Մոցարտ, ուզում ենք երեխաների մեջ միայն լավ երաժշտություն սերմանել»,- շարունակում է Պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Անի Եղիազարյանը:
Նա համագործակցության առաջարկը սիրով է ընդունել։ Հիշում է առաջին ելույթը՝ ինչ հետաքրքրասիրությամբ էին երեխաները լսում:
«Շատ տպավորված էինք երեխաների տրամադրվածությամբ, զարմացած էինք, որ երեխաներին հաճելի ու հետաքրքիր էր, շատ ուշադիր իրենք լսում էին մեզ»,- ասաց Անի Եղիազարյանը:
Նկարչության ու երաժշտության դասն ավարտելուց հետո փոքրիկները, միմյանց հերթ չտալով, տեսախցիկի առջև իրենց նկարներն են մեկնաբանում ու պատմում, թե ինչու են հենց այդ պատկերը նկարել։
«Երբ որ ակտիվ երաժշտություն է լինում, ինչ-որ ֆանտաստիկ բաներ եմ հասկանում ու սկսում նկարել: Այլմոլորակային եմ նկարել, քանի որ ակտիվ երաժշտություն էր լսվում»,- անկեղծանում է Ալեքսը:
«Ես նկարել եմ նախշ, որովհետև երաժշտության ժամանակ մտքիս դա եկավ, գույները ընտրել եմ երաժշտությանը համապատասխան»,- նկատեց Անին:
«Թռչուններ ու արև եմ նկարել: Երբ տխուր երաժշտություն եմ լսում, դանդաղ եմ նկարում, երբ ուրախ երաժշտություն եմ լսում, շատ արագ եմ նկարում: Այսօր մի քիչ տխուր երաժշտություն էր, նորմալ նկարեցի»,- ընդգծեց Աշոտը:
«Մարդը, որը մեդիտացիա է անում և հանգստանում է, այ դա ես նկարեցի, երբ որ նվագում էին»,- ասաց Նարեկը:
Անուշ Հայրապետյանը հավելում է, որ կենտրոնում երեխաները ձանձրանալու ժամանակ չեն ունենում։ Այստեղ զբաղվում են նաև կավաթերապիայով, արթթերապիայով, իսկ շաբաթվա մեկ օրն էլ այցելում են թանգարաններ կամ մշակութային այլ օջախներ։