A
A
Մարուքյանը կարևոր համարեց այն հանգամանքը, որ ՌԴ նախագահն իր խոսքում առանձնացրել է Հայաստան, Ադրբեջան ու Արցախ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին քաղաքացիներին հորդորեց կորոնավիրուսի տարածման առումով չթուլացնել զգոնությունը և չծանրաբեռնել բժշկական համակարգը․
«Ամեն մարդ, ով անզգուշության պատճառով վարակվելու է կորոնավիրուսով, նա ծանրաբեռնելու է առողջապահական համակարգը և խանգարելու է մեր վիրավոր զինվորների բուժմանը, հետևաբար՝ գոնե հանուն մեր զինվորների ես կոչ եմ անում լինել զգոն և չվարակվել»։
Մարուքյանի երկրորդ հայտարարությունը խորհրդարանական դիվանագիտության առաջընթացի մասին էր. «Մեզ հաջողվել է մեր բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է օգտագործում, և սա լուրջ ձեռքբերում է ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի»։
Ինչ վերաբերում է ժնևում և Մոսկվայում սպասվող բանակցություններին, Մարուքյանն ասաց՝ խորհրդարանական ընդդիմությունը այս առումով որևէ տեղեկատվություն չունի, նրա խոսքով՝ մարտի դաշտում ձեռքբերումները պետք է արձանագրվեն բանակցային սեղանի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի այն դիրքորոշման վերաբերյալ, թե ինքը ևս պետք է մասնակցի բանակցություններին, Մարուքյանն ասաց՝ առանց Արցախի մասնակցության բանակցությունները արդյունավետ լինել չեն կարող, որովհետև պատերազմող կողմը Արցախն է։
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե պե՞տք է 1994 թվականի հրադադարի պայմանգիրը փոխվի, թե՞ հրադադարի նոր պայմանագիր կնքվի, արձագանքեց, թե հայկական կողմը բացասական միտումով որևէ նոր փաստաթուղթ չի ստորագրելու, և բանակցությունները պետք է գնան միայն խաղաղության պայմանագիր կնքելու կամ ավելի բարենպաստ ռեժիմով մեկ այլ պայմանագիր կնքելու շուրջ․
«Մենք պետք է հստակ տարանջատենք 1994 թվականի պայմանագրի դերն ու նշանակությունը այս բանակցային գործընթացում: Եվ եթե մենք բանակցություններ դեռ չունենք, խոսք էլ չի կարող գնալ նոր փաստաթուղթ կնքելու մասին: Բանակցությունները պետք է լինեն, հասկանանք՝ ինչ առավելություն եք գրանցել, մեր զինվորի կատարած սխրագործությունն ամրագրվի դիվանագիտական և իրավաբանական հարթակում, նոր դրանից հետո խոսենք կոնկրետ փաստաթղթի մասին»,- նշեց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ փաստաթուղթը լինելու է խաղաղության պայմանագիրը, որով ամբողջությամբ Արցախի ժողովուրդը կիրացնի իր ինքնորոշման իրավունքը։
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչման գործընթացին, Էդմոն Մարուքյանն ասաց՝ թեման արդեն բացված է, բայց դրա ճիշտ ժամանակը չէ․ «Ռազմական դրություն հայտարարելու օրը մենք խորհրդարանում բացել ենք Արցախի անկախության ճանաչման հարցը: Դա բացված հարց է այլևս, այսինքն՝ քննարկման առարկա: Եթե դիտեք վարչապետի հարցազրույցը տարբեր միջազգային ալիքներին, հարցն այնտեղ արդեն հնչում է: Հնչում է, որովհետև արդեն բացել ենք հարցը, ուղերձները տեղ են հասել: Հետևաբար, եթե կարիք լինի շարունակել քննարկումն ուղերձ անելուց բացի, դա էլ կարվի: Այս պահին, ես կարծում եմ, դա դեռևս արդիական չէ: Հիմա չէ դա անելու ժամանակը»։
Մարուքյանը կարևոր համարեց այն հանգամանքը, որ ՌԴ նախագահն իր խոսքում առանձնացրել է Հայաստան, Ադրբեջան ու Արցախ․ «Այս առումով նա Արցախի՝ առանձին սուբյեկտ լինելն իր հռետորաբանությամբ ճանաչում է: Սա կարևոր ուղերձ է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը»,- շեշտեց Մարուքյանը:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ այս առնչությամբ հայտարարեց, որ Հայաստանը Արցախի միջազգային իրավասու սուբյեկտայնությունը ճանաչել է․ «Իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ է, նա ինչ որոշում էլ կայացնի՝ պարտադիր է բոլոր պետությունների համար: ՀՀ-ն իրավաբանական տեսանկյունից որպես այդպիսին ճանաչել է Արցախի ժողովրդի ստեղծած պետությունը, այլ բան է, որ դիվանագիտական հարթակներում այս գործիքը դեռևս չի օգտագործվում»։