Ո՞վ է «քաղաքի տղան» (տեսանյութ)
Կիրակի օրը հանդիսավորությամբ տեղի կունենա «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Վաղ առավոտյան կդադարեցվի երթևեկությունը, ջրցան մեքենաները կլվանան փողոցները։
Զբոսայգիներում, պուրակներում ու հրապարակներում տոնական միջոցառումների համար ձևավորված բեմերը կսպասեն իրենց հանդիսատեսին: «Էրեբունի» թանգարանից էլ 3000 հոգուց բաղկացած զորախումբը (ճիշտ և ճիշտ ինչպես 1988-ին) Արգիշտի թագավորի գլխավորությամբ քայլերթով կշարժվի, բայց այս անգամ դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ շքերթի մասնակիցներին կողջունի Երևանի քաղաքապետն ու կասի «Երևանը մենք ենք»:
Իսկ նրանք, ում համար 80-ականների Երևանը կարոտ է ու վերհուշ, օն-լայն համակարգում կշփվեն ու կփորձեն հավաքել իրենց զգացմունքների պատառիկները... ու հիշել այն Երևանը, որն առանց որևէ կարգախոսի իրենցն էին համարում ու կհամաձայնվեն, որ փոխվել է «քաղաքի տղա» հասկացողությունը, որ այլևս չկա այն քաղաքի ոգին, ուր մարդկանց հարգում էին հոգու մաքրության ու ազնվության համար, ուր արժանապատվությունը կոնստանտ էր և փոքրամասնության սեքսն իր անունով էին կոչում...և որ այսօրվա բարեկարգված քաղաքում խաղարկվում են միմիայն բրենդ դարձած «օբյեկտները», իսկ այ, օրինակ, երբեմնի «Արգիշտի» հարմարավետ սրճարանից, ուր համտեսում էին քաղաքի ամենահամեղ շոկոլադե պաղպաղակը, մնացել է հիշողություն և մեկ էլ մայթի մութ անկյունում ծվարած Արգիշտի թագավորի արձանն ու չգիտես ինչու սրճարանի ցուցանակի տառերը...
Մեզ էլ մնում է ավելացնել, որ գերմանացիները, չնայած մեզնից հին ժողովուրդ չեն ու մեզնից հին մշակույթ չունեն,բայց մի բան հստակ գիտակցում են, որ ճարտարապետական միջավայրի կտրուկ փոփոխությունները միշտ չէ, ոչ դրական են ազդում մարդկանց հոգեվիճակի վրա և իրենց հատուկ բծախնդրությամբ ու խնամքով պահպանում են հին կառույցները, և համարում, որ ամեն մի շենք կամ նստարան իր պատմությունն ունի:
Ռուզան Մկրտչյան