«Կղզյակ դժոխքում» (տեսանյութ)
Հեղինակային երգը ծնունդ առավ խորհրդային տարիներին 50-ական թվականներին, այն անհատի յուրատեսակ բողոքն էր իշխող կարգերի ու բարքերի դեմ: Հայաստանում հեղինակային երգն այսօր էլ արդիական է. պարզապես այն հասու չէ ամենքին եւ հեղինակ կատարողներին հեռուստատեսությամբ գրեթե չես հանդիպի: Բայց նրանք ակտիվ ստեղծագործում են, հանդիպում ու ստեղծում իրենց կենսամթնոլորտը:
Այսպես` ամեն ուրբաթ Երեւանի կենտրոնում` «Բարդ» ակումբում են հավաքվում բոլոր նրանք, ում համար թանկ է Երեւանը, գերագույն արժեք է մարդը:
«Ազատ շունչ քաշելու, ազատ խոսք ասելու, խոսք լսելու ինչ-որ մի վայր է, մենք ապրում ենք ուրբաթից ուրբաթ, բայց գոնե մեկ օր ունենք ազատ արտահայտվելու, ազատ խոսելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց հեղինակ կատարող Էդվարդ Զորիկյանը:
Արմեն Ադամյանը, որը Հայաստանում առաջին հեղինակային երգի փառատոնի կազմակերպիչն էր, նշում է. «Ինտելեկտուալ մասսան դրանք կղզյակներ են. ես միշտ համեմատություն եմ անցկացնում ճահճում աճող լիլիայի հետ, ակումբը դա այն կամուրջն է, որ կապում է տարբեր կղզյակները, դա ինքնամաքրման, ինքնախոստովանության մի վայր է, որտեղ մենք մեզ մենք ենք զգում, մենք վերադառնում ենք տուն, մեր ես-ին»:
Հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանը կարծում է, որ ակումբը հետեւանքն է այն իրականության, որի մեջ որոշակի անհանդուրժողականության դրսեւորում է տեղ գտել միջակության եւ կեղծավորության դեմ. «Ակումբը ինչ-որ հակակշիռ դնելու տեղ է, այստեղ ինչ կա` անկեղծ է»:
«Գիտեք, ակումբը մեր քաղաքացիական դիրքորոշումն է, մեր վերաբերմունքն է, որ իրականության մեջ պետք է ունենանք, մեր ձայնն է, որ պետք է հնչի, եւ դրա համար մեծ դահլիճներ պետք չեն: Եվ նրանք, ովքեր այդ տեսակը որոնում են, նրանք անպայման հայտնվում են այստեղ»,-պարզաբանեց Վախթանգ Հարությունյանը:
Դավիթ Ամալյանի համար կյանքը ակումբ է, ակումբը` կյանք. «Ես ունեմ իմ ակումբը, դրանով ապրում եմ, ուրախ եմ, որ այս ակումբը համախմբում է անկախ մասնագիտությունից, պարտադիր չի երգահան լինեն, որ իմ ընկերը դառնան»,-ասում է ակումբի անդամներից Դավիթ Ամալյանը:
«Բարդ» ակումբում կարելի է հանդիպել ոչ միայն ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչների, այլեւ 20-25 տարեկան երիտասարդների, որոնք այսօր ասելիք ունեն մեծ դահլիճներից դուրս:
Այս շաբաթ, ինչպես շատ հաճախ, ակումբում էր նաեւ Ռուբեն Հախվերդյանը: Նա մտերմիկ եւ ջերմ մթնոլորտում կատարեց սիրված մի քանի երգ եւ իր ելույթը եզրափակեց «Սա Երեւանն է» երգով` ներկաներին դիմելով` «Երեւանը մենք ենք ու էլի մի քանի խմբեր` կղզյակներ դժոխքում»: