Ցուցահանդես՝ 20-ամյակի առիթով (տեսանյութ)
«Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 18-ին բացվել է ռեժիսոր, լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի հոբելյանական ցուցահանդեսը` նվիրված նրա ծննդյան 75 և գործունեության 55-ամյակին:
Ռոբերտ Կարապետյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:
1965-ից մինչև 1993թ. աշխատել է Հայկական հեռուստատեսությունում: Առաջին անգամ նրա լուսանկարները տպագրվել են «Ավանգարդ» թերթում 1956 թ-ին և արժանացել են պատվոգրի: Որպես ֆոտոլրագրող համագործակցել է հանրապետության գրեթե բոլոր թերթերում ու ամսագրերում:
«Հայոց ցեղսպանություն», «Երևան», «Ճանաչենք մեր մեծերին» վավերագրական ֆիլմերի հեղինակ է:
1993 թ-ից բնակվում է Նյու-Յորքում: Նրա հոդվածներն ու լուսանկարները տպագրվում են Երևանի, Նյու-Յորքի, Բոստոնի, Լոս-անջելեսի և Լիբանանի հայկական թերթերում: 2008-ից` «Ա1+»-ի արտահաստիքային թղթակիցն է Նյու-Յորքում:
Ի դեպ, Ռոբերտ Կարապետյանը հիսուն տարեկանում է առաջին անգամ ձեռքը վերցրել նկարչական վրձինը։ 1994-ին Նյու-Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Փաշալյան սրահում նա ներկայացավ 40-ից ավելի յուղաներկ կտավներով`Հայրենի բնաշխարհի պատկերներով ու նատյուրմորտներով:
Ռոբերտ Կարապետյանի անհատական ցուցահանդեսը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և կգործի մինչև սեպտեմբերի 24-ը: