Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փայտարվեստի միակ թանգարանն ունի լուսավորության և ջեռուցման խնդիր (տեսանյութ)

Մշակույթ
tangaran

1977 թվականին ստեղծված Փայտարվեստի թանգարանը միակն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ Եվրոպայում: Ծիսական սկուտեղներ, թելկծկիչներ, թխվածությունը ստուգող փայտիկներ ու կենցաղում կիրառվող էլի բազմաթիվ առարկաներ, որոնք ժամանակին փայտագործ վարպետների ձեռքերում վերածվել են արվեստի գործերի և այժմ էլ պահվում են թանգարանում: «Փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանը որոշեց հիմնել այսպիսի թանգարան: Նրան աջակցել են Հովհաննես Շարամբեյանը, նկարիչ Վարդան Օհանյանը, Գրիգոր Խանջյանը: Նրանք միաձուլվեցին և ստեղծեցին այս թանգարանը»,- նշում է թանագարանի ավագ գիտաշխատող Արմինե Արսենյանը: Թանգարանը բաղկացած է հնագույն մշակույթի, քանդակի և կիրառական արվեստի բաժիններից: Վերջին 2 բաժիններում ներկայացված են ժամանակակից վարպետների աշխատանքները: Թանգարանն ունի հուշանվերների կրպակ, որտեղից և հնարավոր է լինում ձեռք բերել այդ իրերից շատերը: «Ունենք հուշանվերների կրպակ, որտեղ վաճառվում են թանգարանային նմուշներին չզիջող առարկաներ: Իհարկե, փոքր է կրպակը, բայց իր տեսակով էքսկլյուզիվ է, որովհետև հեղինակների հետ ունենք պայմանագրեր, որ իրենց իրերը միայն մեզ մոտ լինեն ու չկրկնվեն»,- ասաց Արմինե Արսենյանը: Իր տեսակով եզակի այս թանգարանը, ցավոք, զերծ չի մնացել խնդիրներից: Առաջին հայացքից խորհրադավորություն ստեղծող լուսավորությունը բնավ էլ միտումնավոր չէ արված: Թանգարանը գլխավոր խնդրից բացի ունի նաև լուսավորման ու ջեռուցման խնդիր: «Խնդիրներ, իհարկե, ունենք:  Չկա երևի այդպիսի օջախ, որ չունենա խնդիրներ: Միակ և գլխավոր խնդիրը վերանորոգումն է, որը մենք սպասում ենք մեր հերթին նախարարության կողմից նշանակված: Այդ խնդրի հետ կհարթվեն մնացած այլ բոլոր փոքրիկ խնդիրները»,-փաստեց թանգարանի ավագ գիտաշխատողը: Նա նաև հավաստում է, որ այցելությունները բավականին շատ են: «Մեր թանգարանը մի փոքր սպեցիֆիկ թանգարան է, ամեն մեկը չի սիրում, բայց սիրողն էլ չի կարողանում կտրվել: Ինչպես մի այցելու է ասում՝ գալս լինում է, գնալս չի լինում: Այն զբոսաշրջիկները, որոնք իրոք հետաքրքրված են փայտով, հիացած են ուղղակի»,- նշեց Արմինե Արսենյանը: Ի դեպ՝ թանգարանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այժմ տեղաբնակ այցելուների թիվը մի քանի անգամ աճել է վերջի 2-3 տարվա ընթացքում: