ՀՀ-ում կանանց 40 տոկոսը խտրականության պատճառով աշխատանք չունի (տեսանյութ)
Հայաստանում չկա հակախտրականության մասին օրենք: Այսօր Մեդիա Կենտրոնում «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամները խոսեցին օրենքի բացի եւ դրա հետևանքների մասին: Կանանց Ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանը նշեց, որ խտրականությունը մեծագույն խնդիր է ոչ միայն անհատների համար, որոնք ենթարկվում են խտրականության, այլ ամբողջ հասարակության: «Խտրականության պատճառով անձը օտարվում է, սահմանափակվում են նրա հնարավորությունները: Հայաստանում խտրականության դրսեւորումների կարելի է հանդիպել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր կարող է ենթարկվել խտրականության միանգամից մի քանի դրսևորումների: Շատերը ենթարկվում են խտրական վերաբերմունքի՝ անգամ չկասկածելով այդ մասին, քանի որ հասարակության մեջ կա իրազեկման պակաս»,-ասաց նա: Անահիտ Սիմոնյանը նշեց, որ խտրականության ամենից շատ հանդիպում են կրթության, աշխատանքի ոլորտներում: Շատ են նաեւ գենդերային խտրականության դեպքերը. «Հայաստանում ներկայումս կանանց կեսը չի աշխատում, սակայն չաշխատող կանանց 40 տոկոս ունի բարձրագույն կրթություն եւ աշխատելու հնարավորություն, բայց խտրական վերաբերմունքի պատճառով նրանք զրկված են այդ հնարավորությունից»: Քննարկմանը ներկա «Իրավունքի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանն էլ նշեց, որ 2015 թվականին արդարադատության նախարարության կողմից մշակվել է խտրականության մասին օրենքի նախագիծը, որին կոալիցիայի անդամները մասնակցել են: Նա կարևորեց այն, որ օրենքն ընդունվի հենց այն դրույթներով, որոնք կան միջազգային փաստաթղթերում որպես չափանիշներ: «Թիվ մեկ խնդիրը, որը օրենքը պետք է լուծի, խտրականություն եզրույթի սահմանումն է, թե ինչ ասել է խտրականություն եւ ինչ հիմքերով են մարդիկ ենթարկվում խտրականության: Օրենքը նաեւ պետք է կանխարգելի խտրականության դեպքերն ու, ի վերջո, պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր խտրական վերաբերմունք են ցուցաբերում»: