Բացել լրահոսը Փակել լրահոսը
0F79C007-0A74-4152-9124-B755CA07AB45 (1)
A A
Մշակույթ

Չեմ կարծում, որ աշխարհն ամբողջությամբ ինտերնետ հարթակ դառնա․ չի դառնա. Էդուարդ Թոփչյան

«Մենք շատ քիչ ենք: Երբ որ 1,5 միլիարդի մեջ, Աստված մի արասցե, կորուստ է լինում, սա իհարկե ցավալի է, բայց մենք մեկուկես-երկու միլիոն ենք, մեզ մոտ այդ կորուստը աղետ է: Թող մեր երկիրն էլ հեշտությամբ դուրս գա այս իրավիճակից, թող բոլորը լսեն վարչապետի հրահանգները, տանից դուրս չգան կամ դուրս գան միայն հեծանիվ քշեն ու գան տուն: Իսկ կորոնավիրուսից հետո մարդկանց ցանկանամ, որ նրանք ավելի շատ ապրեն ու շնչեն արվեստով, իրական արժեքներով, իսկ Ռոնալդոյի և Մեսիի գեղեցիկ գոլերը՝ մի գավաթ գարեջուր վայելելով: Կտեսնեք, որ աշխարհը շատ ավելի արժեքավոր կդառնա, իսկ մարդիկ ավելի շատ կփոխվեն դեպի մարդկայինը»: 

 «Ա1+»-ի հեռախոսազրույցը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ:

Դիրիժորը պետք է կարողանա երաժիշտներին «վարակել» իր մեկնաբանությամբ: Դիրիժորը պետք է շատ ազնիվ լինի, անկեղծ լինի, գլխարկը պետք է հանի և նոր մտնի այդ աշխարհը:

– Պարոն Թոփչյան, ինչպիսի՞ն եք տեսնում մշակութային կյանքի հեռանկարները, երբ աշխարհը դուրս գա ինքնամեկուսացումից: Վերջերս դիրիժոր Անդրեյ Բորեյկոն իր հարցազրույցներից մեկում տեսակետ հայտնեց, որ բոլոր ոլորտներում ընթացող թվայնացումը, անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա նաև մշակույթի վրա: Երաժիշտներն այսօր արդեն ելույթ են ունենում online հարթակներում, վիրտուալ հանդիսատեսի համար: Իսկ ի՞նչ կարող է առաջարկել դիրիժորը:

 

– Ոչ մի բան չի կարող անել: Ինչ վերաբերում է երաժիշտներին, սրանք ուղղակի ձայնագրությունների տակ հավաքած կադրեր են, նկարում են, կպցնում իրար: Տեխնիկական առումով նրանք միասին հիանալի նվագում են, քանի որ բոլորը գրագետ երաժիշտներ են: Սակայն երաժշտության կատարման իմաստն այն չէ, որ ճշգրիտ նոտաները նվագեն: Երբ նվագախմբի առջև կանգնած էր լուսահոգի Կլաուդիո Աբադոն, աստվածային երաժշտություն էր հնչում: Եվ այս նույն նվագախումբը երբ նրա հիշատակին կատարեց նույն ստեղծագործությունը, սա ընդամենը լավ որակի կատարում էր: Հասկանու՞մ եք իրական տարբերությունը: Սա է դիրիժորի առաքելությունը, այլ ոչ այն շուումենները, որոնք պետք է ինչ-որ «կապիկություններ» անեն, հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար: Դիրիժորը պետք է կարողանա երաժիշտներին «վարակել» իր մեկնաբանությամբ: Դիրիժորը պետք է շատ ազնիվ լինի, անկեղծ լինի, գլխարկը պետք է հանի և նոր մտնի այդ աշխարհը: Ցավոք, այսօր ինքնակոչիկներն ավելի շատ են, ովքեր, օրինակ, կարող են «օգտագործել» Մալերի սիմֆոնիաները, որպեսզի մի քանի երաժշտությունից հեռու մարդկանց, որոնք Մալերի անունն առաջին անգամ են գուցե լսում, հեքիաթներ պատմեն, նրանք էլ ծափահարեն ու ամպագորգոռ բաներ գրեն: Այսինքն, այնքան են կարողանում մարդկանց խաբել, որ նրանք այդ հիմարությունները սկսում են ընդունել որպես իրական արժեք, իսկ մեկը, ով ավելի ազնիվ արվեստագետ է, կարող է և մնալ կադրի ետևում: Իհարկե դա ավելի հաճախ այն երկրներում է հանդիպում, որտեղ շատ բան չեն հասկանում իրական արվեստից: Օրինակ, Գերմանիայում էլ կան ինքնակոչեր, բայց դրանց կողքին կան և իրական արվեստագետներ, իրական մեծություններ: Այսօր շատ լավ օրինակ է Կիրիլ Պետրենկոն, որը բացարձակ համեստ մարդ լինելով՝ դարձավ Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և շարունակում է նույնքան համեստ ղեկավարել: Ասում են, որ նա գալիս է փորձի, բացի նոտաներից ուրիշ բանի մասին չի խոսում և գնում է տուն: Մարդու այս տեսակին ես շատ եմ սիրում, ես էլ եմ փորձում այդպիսին լինել: Իհարկե, մեր երկրում, ավաղ, դիրիժորը ստիպված է զբաղվել նաև հազար ու մի տեսակ կազմակերպչական հարցերով: Երբ զբաղվում ես արվեստով, պետք է ազնիվ լինես ու չսպասես, որ դրա համար քո ճակատը պաչելու են: Իհարկե, համերգից հետո տասնյակ բաներ էլ ստացված չեն լինում և դու անընդհատ սկսում ես մտածել, թե ոնց անես, որ դրանցից գոնե երկուսը մյուս անգամ ստացվի: Ես կարծում եմ, որ արվեստագետի խնդիրը սա է: 

Մեծանուն արվեստագետները  շատ խստապահանջ են եղել առաջին հերթին իրենց հանդեպ, իսկ հիմա տեսնում ես ինչ-որ նորելուկ հիմարիկների, որոնք կարծում են, թե իրենց նմանն աշխարհում չկա: 

Աշխարհում կան բազմաթիվ կիրթ մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով էլիտար միջոցառումերի են ուզում գնալ: Եվ քանի կա գոնե 35 տոկոս իրական երաժշտասեր, որոնք դրանով ապրում են, ինչպե՞ս կարող է offline միջոցառում չլինի:

– Հասկանալի է, որ կորոնավիրուսի վերաբերյալ ինֆորմացիայի այս հորձանուտում մարդկանց պետք են նաև դրական էմոցիաներ, և այստեղ օգնության է գալիս մշակույթը: Աշխարհի թանգարանները, համերգասրահները, թատրոններն այս օրերին անընդհատ հեռարձակում են լավագույն ներկայացումների և համերգների, ցուցադրությունների տեսագրությունները: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկն էլ լավագույն համերգային երեկոների տեսագրություններով է ներկայանում: Նման բարեգործական հեռարձակումները միգուցե և ժամանակավոր բնույթ կկրեն, սակայն նաև որոշակի օբյեկտիվ պաճառներից ելնելով, օրինակ տնտեսական, երբ մշակույթ հովանավորելը առաջնահերթ պահանջ կարող է և չլինել, արդյո՞ք, հանդիսատեսը ստիպված չի լինի «տեղափոխվել» online հարթակ: Օրինակ, եթե ցանկանում է դիտել որևէ համերգի կամ ներկայացման պրեմիերա, online դիտման թույլտվության տոմս ձեռք բերի:

 

– Շատ հանրահայտ նվագախմբեր արդեն ունեն իրենց online գրադարանները, որտեղ ցանկության դեպքում կարելի է նաև դիտել: Միգուցե այս հարթակը  զարգացում ապրի: Սակայն մարդկային կոնտակտը բոլորովին ուրիշ բան է և վերջապես, աշխարհում կան բազմաթիվ կիրթ մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով էլիտար միջոցառումերի են ուզում գնալ: Եվ քանի կա գոնե 35 տոկոս իրական երաժշտասեր, որոնք դրանով ապրում են, ինչպե՞ս կարող է offline միջոցառում չլինի, ոչ անհնար է: Ես չեմ կարծում, որ աշխարհն ամբողջությամբ ինտերնետ հարթակ դառնա, չի դառնա: Ասում են, որ դասական երաժշտության նկատմամբ սերը պակասել է: Չի պակասել: Հասարակ տվյալներ ասեմ: Գնացեք Լոնդոն և փորձեք Քովենթ Գարդենի տոմս առնել: Ձեզ դա չի հաջողվի, քանի որ մոտակա երկու ամսվա ներկայացումների տոմսերն արդեն վաճառված կլինեն: Ես մարդկանց հարց եմ տալիս, ի՞նչ են կարծում, Էլթոն Ջոնի համերգներին է շատ մարդ գնում, թե «Տրավիատա» ներկայացմանը Քովենթ Գարդենում: Ասում են՝ իհարկե Էլթոն Ջոնի համերգին: Ասում եմ՝ սխալվում եք: Էլթոն Ջոնի համերգը տարին քանի՞ անգամ է լինում Լոնդոնում: Ենթադրենք, դա տեղի է ունենում Ուեմբլի մարզադաշտում, որը քանի՞ մարդ է տանում, ենթադրենք 60 հազար, այսինքն տարին 120 հազար: Իսկ Քովենթ Գարդենում  երեք հազար տեղ է, այնտեղ օրական երեք ներկայացում կա, օրական միջինը՝ վեց հազար մարդ կա: Ամսական դա ինչքա՞ն է անում, հաշվեք: Իհարկե, դասական երաժշտություն շատ ավելի շատ մարդ է լսում: Փորձեք Էլթոն Ջոնի համերգը դնել ամիսը հինգ անգամ, մարդիկ էլ չեն գնա 60 հազար հոգով, որովհետև լսեցին, տեսան այդ նույն երգերը, շոուն տեսան և վերջացավ: Իսկ սա անմահ արվեստ է: Դուք Վիվալդիի «Տարվա եղանակները» Վենետիկում նվագեք և ամեն օր կունենաք լիքը դահլիճ: Այստեղ բացարձակ մտածելու բան չկա: Նայում ես, միայն Սանկտ-Պետերբուրգում Մարինյան թատրոնի երեք շենքում օրեկան յոթ միջոցառում կա և բոլորը լեփ-լեցուն են: Սա ինչի՞ մասին է խոսում: 

Ես չեմ դադարելու այն երազանքը ունենալ, որ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկը դառնա համաշխարհային նվագախումբ

– Պարոն Թոփչյան նվագախմբի համար կարևոր տարի է այս տարին՝ նվագախմբի 95-ամյակը, Բեթհովենի 250-ամյակը մեծ շուքով պետք է նշվեր, հյուրախաղեր, համերգներ հրավիրյալ անվանի դիրիժորների և մենակատարների հետ: Արդյո՞ք այս ամենը կիրականացվի, թեկուզ և ուշացումով:

– Այո, մենք այս տարի մեծ ծրագրեր ունենք: Ինչպես գիտեք, մեծ դիրիժորներին շատ դժվար է Հայաստան բերելը, որպեսզի աշխատեն մեր նվագախմբի հետ, հիմա դա մեզ կարծես թե հաջողվում է: Եթե այս իրավիճակը չլիներ, Անդրեյ Բորեյկոն, ով իմ հիանալի բարեկամն է, մարտի 16-ին Ֆիլհարմոնիկի հետ համերգ էր ունենալու: Նա մի անգամ ղեկավարեց նվագախումբը, և իր ասելով հաճույքն այնքան մեծ էր, որ որոշել էր պարբերաբար գալ Հայաստան: Չարլզ Դյութուան է ցանկություն հայտնել գալ, ասում է, որ չի եղել մեր երկրում, սակայն լսել է մեր նվագախմբի մասին, ի դեպ մեր Չինաստանի մենեջերից է լսել: Մենք լուրջ բանակցությունների մեջ էինք աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի հետ: Բոլորին բերելու եմ Երևան: Ես չեմ դադարելու երազել, որ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկը դառնա համաշխարհային նվագախումբ: Մենք մոտ ենք դրան: 

Մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը հյուրախաղեր պետք է ունենայինք Ռուսաստանում, Ամերիկայում: Վստահ եմ, որ դրանք կտեղափոխենք եկող տարի: Նպատակ ունեինք, որ Բեթհովենի գրեթե բոլոր հիմնական ստեղծագործությունները կկատարենք, հիմա կախված նրանից, թե կարանտինն ինչքան կտևի, մենք կհասցնենք, թե ոչ, երևի թե կտեղափոխենք նույնպես մյուս տարվա սկիզբ, սակայն անպայման կիրականացնենք մեր ծրագիրը: 

 

– Այս օրերին տանն ինչո՞վ եք զբաղվում:

 

– Կարդում եմ, մի քիչ երաժշտություն եմ լսում, երեխայիս հետ եմ շատ շփվում: Հիմա մի քանի ծրագրեր չիրականացան, հետո կիրականանան, դրա մեջ էլ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Նույնիսկ լավ ռեսթարթ էր: 18 տարեկանից հետո անընդհատ ինչ-որ խելագար վազքի մեջ էի: Դեռ վերջերս, մինչ կորոնավիրուսը, կնոջս ասում էի, որ երազում եմ գա մի օր, որ կարողանամ ամիսը մեկ համերգ տալ իմ ուզած տեղում, իմ ուզած ծրագրով և դրանից այնքան գումար վաստակեմ, որ այդ մեկ համերգով ապրեմ: Եվ իսկապես, այն մարդը չեմ, որ ուզում է ամեն օր բեմի վրա լինի: Ես սիրում եմ ցանկացած գործի համար նստել, մտածել, ամեն նոտան անգիր սովորում եմ, դրա համար այդքան պարտիտուրաներ անգիր գիտեմ: 

Ասում են, հոգնեցինք տանը մնալուց… սա ես իրոք չեմ հասկանում: Աշխարհում այնքան հետաքրքիր և արժեքավոր բաներ կան, որ կարելի է իմանալ, սովորել: ժամանակն է, որ մարդկությունը դա հասկանա և ավելի համատարած դառնա բարձրարժեքը: Դա էլ դաստիարակության և մոտեցման խնդիր է: Հիմա եթե պետություններն այնքան ուժ ներդնեն, ոնց որ հիմա ներդնում են, որ մարդիկ փողոց դուրս չգան, և փորձեն մարդկանց բացատրել, թե ինչքան կարևոր է իմանալ երաժշտություն, նկարչություն և գրականություն, պատկերացրեք, դա կհաջողվի իրենց: